2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի, անհայտ կորածների (ինչպես նաև գերեվարվածների) ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած անձանց տրամադրվող սոցիալական աջակցության միջոցառման իրականացումը երկարացվել է 3 ամսով (ՀՀ կառավարության 2022 թվականի մարտի 17 N 316-Լ որոշում)։
Միջոցառումից կարող են օգտվել այն շահառուներն, ովքեր մինչ այս պահը չեն ստացել ծրագրով նախատեսված աջակցության գումարը։ Քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորած (ինչպես նաև գերեվարված) անձանց ընտանիքներն, ովքեր օգտվել են միջոցառումից, սակայն անհայտ կորածի (ինչպես նաև գերեվարվածի) կարգավիճակը դեռևս հստակեցված չէ՝ կստանան ևս 3 ամիս աջակցություն` հունվար-մարտ ամիսների համար:
Միջոցառումից օգտվելու համար անհրաժեշտ է ներկայացնել դիմում՝ e-request.am էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի կամ նախարարության պաշտոնական old.mlsa.am պաշտոնական կայքէջի «Գրեք նամակ» բաժնի միջոցով՝ մինչև 2022 թվականի ապրիլի 15-ը։
Աջակցությունը տրամադրվում է դրամական օգնության ձևով՝ անկանխիկ եղանակով՝ հետևյալ չափերով․
- առաջին խմբի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում` 3,000,000 դրամ,
- երկրորդ խմբի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում` 2,000,000 դրամ,
- երրորդ խմբի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում` 1,000,000 դրամ,
- հաշմանդամ երեխայի կարգավիճակ ձեռք բերելու դեպքում՝ 3,000,000 դրամ,
- զոհված քաղաքացիական անձանց ընտանիքների դեպքում՝ 5,000,000 դրամ,
- անհայտ կորած քաղաքացիական անձանց ընտանիքների դեպքում՝ ամսական 300,000 դրամ:
Տեղեկացնում ենք, որ ապրիլի 15-ից հետո ուղարկված դիմումները չեն դիտարկվի։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010 52-87-79 հեռախոսահամարին։