Առանձին շրջաններից տեղահանված արցախցիների համար բնակարանի ձեռքբերման հիփոթեքային ծրագրին դիմելու ընթացակարգը հաստատվել է

0
146

Հաստատվել է Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը։

Ընթացակարգի համաձայն՝ դիմողը պետք է էլեկտրոնային եղանակով դիմում ներկայացնի Միասնական սոցիալական ծառայություն մինչև 2022 թ․ դեկտեմբերի 30-ը. որոշման պահանջներին համապատասխանելու դեպքում՝ վերջինիս կտրվի շահառուի կարգավիճակ (հիմք է ընդունվում Արցախի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից տրամադրված շահառուների ցուցակը և Արցախի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող բնակարանային ապահովության պետական աջակցության որևէ ծրագրի շահառու չհանդիսանալու մասին ստացված տեղեկատվությունը)։  

Դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է մուտք գործել Միասնական սոցիալական ծառայության www.socservice.am վեբկայքի «Առցանց դիմումներ» բաժնի «Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագիր․ առցանց դիմումներ» պատուհան և լրացնել պահանջվող տվյալները։

(Հղումը՝ https://bit.ly/37WXffK):

 Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակում 2020 թ․ պատերազմի հետևանքով տեղահանված շուրջ 3000 արցախցի ընտանիքներ հնարավորություն ունեն ձեռք բերել կամ կառուցել իրենց սեփական բնակելի տներն ու բնակարանները։

Շահառուներն Արցախի Հանրապետության առանձին շրջաններում 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ բնակված կամ Արցախի Հանրապետությունում հաշվառված, առնվազն վերջին երեք ամիսներին փաստացի բնակված կամ վերջին երեք տարում փաստացի բնակված և Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված ընտանիքներն են (այդ թվում՝ մեկ անձից բաղկացած), այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո տվյալ ընտանիքում ծնված երեխան, բացառությամբ այն ընտանիքների, որոնք որևէ ծրագրի շրջանակում գործուղվել են Արցախի Հանրապետություն մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը և վերջին երեք ամիսներին բնակվել են այնտեղ։

 Միասնական սոցիալական ծառայության հետ համագործակցող բանկից կամ վարկային կազմակերպությունից հիփոթեքային վարկ ստանալու դեպքում՝ պետությունը հավաստագրի միջոցով երաշխավորում է վարկային ժամանակացույցին համապատասխան մայր գումարի և տոկոսագումարի սուբսիդավորում, մասնավորապես՝

•             Երևանում ամսական վճարների մարման համար հանրագումարային մինչև 8 մլն դրամ մայր գումարի և դրա նկատմամբ հաշվեգրվող մինչև 8% տոկոսագումարի գծով,

•             ՀՀ մարզային բնակավայրերում ամսական վճարների մարման համար հանրագումարային մինչև 10 մլն դրամ մայր գումարի և դրա նկատմամբ հաշվեգրվող մինչև 10% տոկոսագումարի գծով,

•             Արցախի Հանրապետությունում ամսական վճարների մարման համար հանրագումարային մինչև 12 մլն դրամ մայր գումարի և դրա նկատմամբ հաշվեգրվող մինչև 12% տոկոսագումարի գծով։

Վարկային հայտը դիտարկելիս՝ ֆինանսավորող կազմակերպությունները պետության կողմից սուբսիդավորվող գումարների մասով չեն կատարի վարկառուի վարկունակության գնահատում։ Այսինքն, եթե վարկի գումարը չի գերազանցում պետության կողմից սուբսիդավորվող  չափերը, ապա շահառուն հավաստագրի ներկայացման դեպքում կարիք չի ունենա ֆինանսավորող կազմակերպությանը ներկայացնել իր վարկունակությունը հավաստող լրացուցիչ տեղեկատվություն և տեղեկանքներ (աշխատավարձ, այլ եկամուտներ և այլն)։