Կարևորելով ՀՀ սոցիալական պաշտպանության ոլորտում ծառայությունների հասանելի ու հասցեական տրամադրման գործընթացի բարելավումն՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու «Վորլդ Վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել։
Կողմերը երկուստեք պատրաստակամություն են հայտնել ներդնել ջանքեր՝ բազմոլորտ համագործակցության շարունակականության և սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացման գործում։
«Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի շրջանակում կձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր՝ համայնքներում սոցիալական աշխատանքի ինստիտուտի զարգացման, համապատասխան մասնագետների գործառույթների հստակեցման, Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների հետ համագործակցության մեխանիզմների մշակման և մի շարք այլ ուղղություններով:
Կիրականացվեն աշխատանքներ նաև՝ բռնության կանխարգելման և ահազանգման համակարգի զարգացման, ինչպես նաև պատերազմի հետևանքով տեղահանված կանանց իրավունքների պաշտպանության նպատակով։