Նոյեմբերի 4-ին ՀՀ կառավարության որոշումով հաստատվեց կենսաթոշակների վճարման նոր կարգ: 2011թ. կենսաթոշակը կվճարվի ոչ միայն կանխիկ, այլև անկանխիկ եղանակով` բանկի կամ կազմակերպության միջոցով, կենսաթոշակառուի դիմումի հիման վրա: Պետությունը թոշակառուին բանկային քարտը տրամադրում է անվճար:
Սոցիալական ապահովության պետական ծառայությունը յուրաքանչյուր ամսվա վճարման ցուցակները բանկին կամ կազմակերպությանն է տրամադրում ոչ ուշ, քան մինչև տվյալ ամսվա 7-րդ աշխատանքային օրը: Կենսաթոշակառուն իրավունք ունի ցանկացած ժամանակ դիմել տարածքային բաժին` կենսաթոշակը ստանալու եղանակը կամ բանկը, կամ կազմակերպությունը փոխելու համար: Կենսաթոշակը ստանալու եղանակը ընտրելու /փոխելու, այլ բանկի կամ կազմակերպության միջոցով կենսաթոշակը ստանալու/ համար կենսաթոշակառուն դիմում է ներկայացնում ծառայության` իր բնակության վայրի տարածքային բաժին: Կենսաթոշակը բանկի միջոցով վճարվում է տեղեկատվությունը ստանալու ամսվան հաջորդող ամսից: Կենսաթոշակառուի դիմումը մերժվում է, եթե կենսաթոշակառուի նշած բանկը կամ կազմակերպությունը ծառայության հետ չի կնքել կենսաթոշակների վճարման ծառայությունների մատուցման պայմանագիր:
Դիմումում պետք է ներառվեն կենսաթոշակառուի անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, սոցիալական ապահովության քարտի կամ սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքի համարը, կենսաթոշակը ստանալու եղանակը, կենսաթոշակը անկանխիկ եղանակով ստանալու համար դիմելու դեպքում` նաև իր` բանկում բացված բանկային հաշվի համարը, իսկ կենսաթոշակը կանխիկ եղանակով ստանալու համար դիմելու դեպքում` նաև կազմակերպության անվանումը: Սոցիալական ծառայության տարածքային բաժինը կենսաթոշակառուների հաշվառման տեղեկատվական բազա է մուտքագրում կենսաթոշակը վճարելու եղանակը և նշված մյուս տվյալները:
Կենսաթոշակը կանխիկ ստանալու մասով փոփոխություններ չկան: Կենսաթոշակը լիազորագրի հիման վրա կանխիկ եղանակով վճարելու համար դիմելու մասով. կենսաթոշակը լիազորագրի հիման վրա կանխիկ եղանակով վճարելու համար անձը կենսաթոշակառուի բնակության վայրի տարածքային բաժին է ներկայացնում ՀՀ-ում գործունեություն իրականացնող նոտարի վավերացրած լիազորագիրը և լիազորագրի լուսապատճենը: Տարաժքային բաժնի մասնագետը լիազորագրի պատճենը համեմատում է բնօրինակի հետ, պատճենը կնքում տարածքային բաժնի կնիքով և վերադարձնում լիազորագրի բնօրինակը: Տարածքային բաժնի մասնագետն էլ կենսաթոշակառուների հաշվառման տեղեկատվական բազա է մուտքագրում լիազորված անձի տվյալները, որոնք կենսաթոշակառուի տվյալների հետ արտացոլվում են վճարման ցուցակում` որպես կենսաթոշակը կենսաթոշակառուի փոխարեն ստանալու` օրենքով սահմանված իրավունք ունեցող անձ:
Բանկից կենսաթոշակը ստանալու դեպքում համապատասխան պայմանագրում հստակ կսահմանվեն կողմերի իրավունքներն ու պարտականությունները: Օրինակ, կնշվի, որ կատարողը պարտավոր է կենսաթոշակը կենսաթոշակառուի բանկային հաշվին մուտքագրել համապատասխան դրամական միջոցները ընդունելու օրվան հաջորդող բանկային օրվա ընթացքում: Նշենք նաև կենսաթոշակների վճարման համար սահմանված նվազագույն ծառայությունների առավելագույն սակագները: Բանկային /քարտային/ հաշվի բացումը և սպասարկումը անվճար է: Քարտերի թողարկումը և տրամադրումը նույնպես անվճար է: Անվճար է նաև բանկային /քարտային/ հաշվից միջոցների կանխիկացումը /տվյալ բանկի սպասարկման կետերում/:
Քարտային հաշվից միջոցների կանխիկացումը /այլ բանկերի` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող սպասարկման կետերում/ 0.5 տոկոս է: Քարտի բլոկավորումը և ապաբլոկավորումը /քարտապանի պահանջով/ անվճար է: Բանկոմատի միջոցով քարտի առգրավման դեպքում /բանկի սեփական սպասարկման կետերում/ քարտի վերադարձը անվճար է: 200 դրամ է բանկոմատի միջոցով քարտի առգրավման դեպքում /այլ բանկերի սպասարկման կետերում/ քարտի վերադարձը: 700 դրամ է ՊԻՆ կոդի վերականգնումը: Քարտի վերաթողարկումը /կորցնելու դեպքում/ 900 դրամ է: Քարտային գործարքների վերաբերյալ ամսական քաղվածքի տրամադրումը անվճար է: Անկանխիկ վճարումների ապահովումը նույնպես անվճար է: Այս սակագների շեմը առավելագույնն է:
Այս որոշումը ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից: