ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի ունեցավ գենդերային բռնության դեմ պայքարի միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որին մասնակցում էին շահագրգիռ գերատեսչությունների, տեղական և միջազգային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նիստի օրակարգում ներառված էր երկու հարց` <Գենդերային բռնության դեմ պայքարը պետական մարմինների գործողություններում> միջազգային փորձի և <Գենդերային բռնության վերացման 2011-2014թթ. ազգային ծրագրի> նախագծի ներկայացումները:
Նիստը վարում էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ֆ.Բերիկյանը: Առաջին հարցի վերաբերյալ զեկույցով հանդես եկավ <Մարդկային զարգացման միջազգային կենտրոն> հասարակական կազմակերպության փորձագետ Վ.Ասատրյանը: Նա ներկայացրեց շուրջ 83 երկրների գործողությունների ծրագրերի հետազոտությունների արդյունքները: Ուսումնասիրելով փաստաթղթերի կառուցվածքը, միջոցառումների տեսակները, իրավական դաշտը, իրազեկման ու վիճակագրական տվյալների հավաքագրման սխեման, զոհերի համապարփակ օգնության ձևերը, ապաստարանների ցանցի ձևավորումը, զեկուցողը նշեց, որ իրենք փորձել են ստեղծել մի նախագիծ, որը մոտ է մեր իրականությանը և կարող է հաջողությամբ տեղայնացվել:
Երկրորդ հարցը ներկայացրեց նախարարության աշխատակազմի ընտանիքի, երեխաների և կանանց հիմնահարցերի վարչության պետի տեղակալ Ա.Թանաշյանը: Նա մասնակիցներին ծանոթացրեց Ազգային ծրագրի նպատակների, ակնկալվող արդյունքների հետ: Ծրագիրն ունի երեք գերակայություն` գենդերային բռնության կանխարգելում, գենդերային բռնության զոհերին համապարփակ աջակցության տրամադրում, գենդերային բռնություն գործադրողներին պատասխանատվության ենթարկում: Ինչպես իր խոսքում նշեց տիկին Թանաշյանը. “Եթե մենք առկա խնդիրը ճիշտ մատուցենք հասարակությանը, ապա արդյունքները շոշափելի կլինեն: Խնդրի կանխարգելման փուլում պետության կողմից որոշակի ֆինանսական միջոցների տրամադրումը կնպաստի հաջորդ փուլերի արդյունավետ իրագործմանը”: Ըստ նրա` աշխատանքային խումբը մշակել է աջակցության համալիր ծառայությունների մեխանիզմ` իրավական-պաշտպանական համակարգի զարգացում, չափորոշիչների մշակում, վերահսկողություն:
Նիստի մասնակիցներին տրվեց մեկ շաբաթյա ժամկետ` ներկայացնելու իրենց առաջարկությունները փաստաթղթերի վերաբերյալ:
Նիստի ավարտին ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ներկայացուցիչ Ջ.Սարգիզովան տեղեկացրեց նոյեմբերի 25-ից մինչև դեկտեմբերի 10-ը <Ակտիվության 16-օրյակ ընդդեմ գենդերային բռնության> քարոզարշավի շրջանակներում անցկացվող միջոցառումների մասին: Նա նշեց, որ ակնկալում է մասնակիցների ակտիվությունը և հրավիրեց համագործակցության: