Իրականացվում են ՄՍԾ 49 տարածքային կենտրոնների զբաղվածության շուրջ 100 մասնագետի կարողությունների զարգացման դասընթացներ

0
100

Կարևորելով քաղաքացիների, մասնավորապես՝ պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից նոր զորացրված երիտասարդների համար կայուն զբաղվածության ապահովումը, վերջիններիս այդ ուղղությամբ արդյունավետ խորհրդատվության տրամադրումը՝  իրականացվում են Միասնական սոցիալական ծառայության 49 տարածքային կենտրոնների զբաղվածության շուրջ 100 մասնագետի կարողությունների զարգացման դասընթացներ։

Ծրագիրը նպատակ ունի մասնագետներին ծանոթացնել այն գործիքակազմին, որը հնարավորություն կտա  պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից նոր զորացրված երիտասարդներին աջակցել կրթության և ուսուցման, զբաղվածության ապահովման, աշխատաշուկայում մրցունակ լինելու գործընթացում։ Գնահատելով նրանց կարիքները՝ կիրականացվեն համապատասխան աշխատանքներ, հասարակությունում նրանց վերաինտեգրելու և տնտեսապես ակտիվացնելու ուղղությամբ։

Դասընթացների ընթացքում մասնագետներ ուսումնասիրել են միասնական սոցիալական ծառայության շրջանակում իրականացվող մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ուղղորդման ծառայությունների մոդելը՝ շահառուների շրջանակի առանձնացում, կարիքի գնահատման մեթոդաբանություն, կարիերայի ուղղորդման անհատական պլանի կազմում, միջոլորտային փոխգործակցության մեխանիզմների ստեղծում։

Դասընթացների մեկնարկին ներկա է գտնվել նաև նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյան, ով խոսել է համայնքների բնակչության զբաղվածության խնդիրների մասին, շեշտելով, որ զորացրված երիտասարդներին ճիշտ ուղղորդելով և անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրելով՝ կարող ենք ապահովել մրցունակ աշխատուժ․«Վերջերս նախարարության կողմից ևս մեկ դասընթաց է իրականացվել, որի ընթացքում մշակված մեթոդաբանության և գործիքակազմի համընդհանուր ներդրմամբ կապահովենք զորացրված երիտասարդների ըստ կարիքի անհրաժեշտ ծառայությունների մատուցումն ու աշխատունակության բարձրացումը»։

Բանախոսները խոսել են նաև գործատուների ներգրավման, թափուր աշխատատեղերին ներկայացվող պահանջների, աշխատանք փնտրողի կարողությունների հետ համադրման, ինչպես նաև «Աշխատանք առանց սահմանների» հարթակի մասին։

Մասնակիցները հարց ու պատասխան ձևաչափով ներկայացրել են իրենց առաջարկներն ու դիտարկումները։

Նշենք, որ դասընթացներն իրականացվել են ԱՍՀՆ Մասնագիտական կողմնորոշման և կարողությունների զարգացման կենտրոնի կողմից ՄԱԶԾ-ՅՈՒՆԻՍԵՖ «Վայոց Ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի սահմանամերձ համայնքների դիմակայության ամրապնդում» համատեղ ծրագրի շրջանակում՝ Միացյալ Թագավորության կառավարության «Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի» օժանդակությամբ։