Նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է «Մանթաշյանց» գործարարների միության ներկայացուցիչներին

0
113

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել «Մանթաշյանց» գործարարների միության ներկայացուցիչների հետ՝ հիմնադիր-նախագահ Վահրամ Միրաքյանի գլխավորությամբ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության զարգացման հնարավորություններին, ինչպես նաև աշխատող-գործատու իրավահարաբերություններին առնչվող մի շարք հարցեր։

Քննարկվել են նաև ՀՀ գործարար համայնքին հուզող հարցեր, այդ թվում՝ հմուտ մասնագետների ներգրավման, թափուր աշխատատեղերի համալրման, աշխատանքի առաջարկ-պահանջարկի կարգավորման ուղղությամբ։ Կարևորելով պետական գերատեսչությունների հետ գործընկերային հարաբերությունների դերն՝ առաջարկվել է ստեղծել հարթակ, որտեղ, պետության հետ համագործակցությամբ, փոխշահավետ լուծումներ կառաջարկվեն բիզնես ոլորտին առնչվող խնդիրների վերաբերյալ։

Անդրադարձ է կատարվել նաև մասնավոր սեկտորի հետ համագործակցությամբ իրականացված ծրագրերին (մասնավորապես՝ հետպատերազմական ժամանակահատվածում մասնագիտական ուսուցումների, վերապատրաստումների և զբաղվածության ապահովմանն ուղղված միջոցառումներին), որոնց շրջանակում պատերազմի շուրջ հազար մասնակից ձեռք է բերել մասնագիտական նոր կարողություններ ու հմտություններ, իսկ որոշները՝ կայուն զբաղվածություն։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել բանավոր քննարկումները տեղափոխել գործնական փուլ։