Աշխատանքի և զբաղվածության ոլորտում սերտ համագործակցելու նպատակով՝ Հնդկաստանում կնքվել է հուշագիր՝ ՀՀ ԱՍՀՆ և «Հմտությունների զարգացման ազգային կորպորացիայի» միջև

0
125

Հնդկաստան կատարած այցի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել «Հմտությունների զարգացման ազգային կորպորացիայի» գլխավոր գործադիր տնօրեն Վեդ Մանի Թիվարիի հետ և կնքել համագործակցության հուշագիր՝ աշխատանքի և զբաղվածության ոլորտում սերտ համագործակցելու ուղղությամբ։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը և Հնդկաստանի Հանրապետության Ֆինանսների նախարարության կողմից որպես պետական-մասնավոր գործընկերության մոդել ստեղծված այս կազմակերպությունը  պայմանավորվածություն են ձեռք բերել՝ համատեղել ջանքերն աշխատաշուկայի վերլուծության և մարդկային կապիտալի զարգացման ոլորտում լավագույն փորձի փոխանակման, մասնավորապես՝ կրթություն-աշխատաշուկա անհամապատասխանության նվազեցման ու արդյունավետ սոցիալական երկխոսության միջոցով արտադրողականության բարձրացման ուղղությամբ։

Վերջիններս նաև ստանձնել են պարտավորություն՝ ուսումնասիրել աշխատաշուկայի ակտիվ ծրագրերը, մշակել աշխատուժի որակավորման բարձրացման ու վերաորակավորմանն ուղղված նախաձեռնություններում մասնավոր հատվածին ներգրավելու մեխանիզմներ։

««Հմտությունների զարգացման ազգային կորպորացիա» ընկերության հետ մինչ այս հանդիպումն արդեն իսկ քննարկվել էին համագործակցության որոշ եզրեր, ինչի արդյունքում այսօր ունենք մի փաստաթուղթ, որը հնարավորություն կստեղծի գործնական քայլեր կատարել՝ աշխատուժի մրցունակության բարձրացման, առաջարկի ու պահանջարկի անհամապատասխանության նվազեցման, երիտասարդներին մասնագիտական հմտություններ տալու ուղղությամբ»,- նշել է Նարեկ Մկրտչյանը՝ հավելելով, որ ՀՀ զբաղվածության պետական ծրագրերն այս պահին վերախմբագրման փուլում են, և այս հուշագիրը կարող է արդյունավետ լինել նախատեսվող ծրագրերի համար ևս։

Վեդ Մանի Թիվարին ներկայացրել է զբաղվածության ապահովման ոլորտում իրենց կողմից սահմանված առաջնահերթությունները, անդրադարձել մասնագիտության գիտակցված ընտրության, աշխատանքային մոտիվացիայի և կարիերայի արդյունավետ ուղղորդման գործընթացին։

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև իրականացնել անհրաժեշտ քայլեր, որոնք Հայաստան այցելող հնդիկների համար հնարավորություն կստեղծեն նախապես ուսումնասիրել հայկական աշխատաշուկան, ծանոթանալ աշխատաշուկայի պահանջներին, ինչպես նաև ապահովել կարճաժամկետ ինքնազբաղվածություն՝ ունենալով պաշտպանված աշխատանքային իրավահարաբերություններ։