ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնը 2016թ. իրականացրել է հետազոտություն, որի նպատակը Կենտրոնի կողմից մշակված մոդելով հանրակրթական հաստատություններում անցկացվող մասնագիտական կողմնորոշման աշխատանքների ազդեցության գնահատումն է՝ հիմնված աշակերտների մասնագիտության գիտակցված ընտրության, իրազեկվածության, ինչպես նաև արժեքների ձևավորման և ինքնորոշվածության վրա:
Որպես հետազոտության ընտրանք ընտրվել էին Երևանի և 9 մարզերի 20 բնակավայրերի հանրակրթական ծրագրեր իրականացնող 20 դպրոցների թվով 168 մասնագետ-մանկավարժ և 7-12-րդ դասարանի թվով 164 աշակերտ: Ընդ որում, ընտրանքում ընդգրկվել էին չվերապատրաստված մանկավարժներ և մասնագիտական կողմնորոշման ծառայություններ չստացած աշակերտներ:
Ըստ հետազոտության արդյունքների՝ հարցված աշակերտների 80%-ն իրենց կենսական պլանները կապում են բարձրագույն կամ մասնագիտական այլ հաստատություններում ուսումնառության հետ:
Հարցված աշակերտների մեծամասնությունը (54.3%) որպես կյանքի նպատակին հասնելու կարևոր քայլ նշել են կրթությունը բուհում շարունակելը:
Աշակերտների 60%-ը մասնագիտությունների վերաբերյալ իր ունեցած տեղեկատվությունը համարում է բավարար (հարկ է նշել, որ միայն 17.7%-ն է իր ունեցած տեղեկատվությունը համարում լիարժեք), մինչդեռ մյուսները իրազեկման կարիք են զգում:
Արդյունքները ցույց են տալիս, որ մասնագիտություն ընտրած աշակերտների շրջանում մասնագիտական կողմնորոշման դասընթացներ անցած աշակերտների թիվն ավելի քան 2 անգամ մեծ է դասընթացներ չանցած աշակերտների թվից:
Կրթությունը շարունակել ցանկացող աշակերտների շրջանում մասնագիտական կողմնորոշման դասընթացներ անցած աշակերտների թիվը ավելի քան 4 անգամ գերազանցում է դասընթացներ չանցած աշակերտների թիվը:
Հատկանշական է, որ հետագայում երկրից մեկնել ցանկացողների շրջանում մասնագիտական կողմնորոշման դասընթացներ չանցած աշակերտների թիվը կրկնակի անգամ գերազանցում է դասընթաց անցածների թվից:
Ուսուցիչների մեծամասնության կարծիքով մասնագիտական կողմնորոշման աշխատանքները դպրոցներում չեն իրականացվում բավարար մակարդակով: Նրանց 58%-ը մասնագիտական կողմնորոշման աշխատանքների արդյունավետ իրականացումը տեսնում է առանձին առարկայի ներդրմամբ:
Ուսուցիչների 28%-ը գիտակցում է մասնագիտական կողմնորոշման աշխատանքներ անցկացնելու հարցում մասնագիտական և մեթոդական խորհրդատվության կարիքն ու պատրաստ է լրացնել դրանք պարբերաբար կազմակերպվող վերապատրաստումների և ուսումնավարժանքների միջոցով:
Հետազոտության ընթացքում ուսուցիչների գրեթե 70%-ը նշել է, որ մասնագիտական կողմնորոշման թեմայով վերապատրաստումը նպաստում է մասնագիտական կողմնորոշման աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ գիտելիքների և կարողությունների զարգացմանը:
Ընդհանուր առմամբ, ամփոփելով ուսուցիչների առաջարկները, կարելի է եզրահանգել, որ մասնագիտական կողմնորոշման աշխատանքները դպրոցներում նախընտրելի է կազմակերպել «առանձին և կանոնավոր դասընթացների միջոցով»:
Հավելենք, որ հետազոտության անցկացման համար հիմք է ընդունվել 2013-2016թթ. Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնի կողմից իրականացված Երևանի և հանրապետության մարզերի քաղաքային և գյուղական համայնքների դպրոցների մանկավարժների վերապատրաստումները և նրանց կողմից աշակերտների հետ անցկացված աշխատանքները: