ՀՀ կառավարության 1992 թ հունվարի 27-ի N 55 որոշմամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում ստեղծվեց Զբաղվածության պետական ծառայությունը, կառույց, որի անցած ուղին նույնքան դժվար էր, որքան մեր նորանկախ երկրինը:
1992-1996թ.թ. Զբաղվածության պետական գործակալությունը իր մարդկային և տեխնիկական փոքրաթիվ ռեսուրսներով դիմակայեց աշխատանքը կորցրած անձանց հսկայածավալ հոսքին` փորձելով մեղմել հասարակության մեջ առաջացած սոցիալական լարվածությունը: Այս տարիներին սկիզբ դրվեց պետության համար չափազանց կարևոր մի գործընթացի` աշխատաշուկայի իրավիճակն արտացոլող վարչական վիճակագրական ռեգիuտրների վարմանը, որի հիման վրա ստեղծվեց ոլորտի էլեկտրոնային տեղեկատվական բազան:
Որակյալ ծառայության մատուցումը ունենալով որպես տեսլական՝ Գործակալությունը այս տարիների ընթացքում հետևողականորեն ուսումնասիրեց միջազգային փորձը՝ վերցնելով և տեղայնացնելով այն ամենը, ինչը կարող էր նպաստել մեր երկրի աշխատաշուկայի խմդիրների լուծմանը:
Այսօր Զբաղվածության պետական գործակալությունը սոցիալական ոլորտում ծառայություններ մատուցող այն կազմակերպությունների շարքում է, որոնց փորձը ուսանելի է նաև մեր երկրի սահմաններից դուրս:
25-ամյա հոբելյանի առիթով ջերմորեն շնորհավորում ենք կառույցի բոլոր գործընկերներին, բոլոր նրանց, ովքեր անմնացորդ նվիրումով և սիրով իրենց ներդրումն են բերել պետության համար կարևոր այս կառույցի կայացման գործում:
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր այն միջազգային կառույցներին, որոնք իրենց աջակցությամբ կարևոր դերակատարում ունեցան Զբաղվածության պետական գործակալության հետևողական զարգացման, նրա կողմից մատուցվող ծառայությունների որակի բարելավման գործում:
Շնորհակալություն սոցիալական գործընկերներին, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, որոնց անաչառ կարծիքները օգնեցին մեզ ճիշտ գնահատել և արձագանքել շահառուների կարիքներին և աշխատաշուկայի խնդիրներին:
Շնորհակալություն ենք հայտնում գործատուներին, աշխատանք փնտրողներին, նրանց գնահատանքի, հարկ եղած դեպքում նաև քննադատության համար, որոնց շնորհիվ մենք շարունակում ենք մնալ մեր որդեգրած արժեքներին և սկզբունքներին հավատարիմ: