Նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Հնդկաստանի Հանրապետության աշխատանքի, զբաղվածության և շրջակա միջավայրի նախարար Բհուպենդեր Յադավի հետ

0
116

Աշխատանքային այցով Հնդկաստանում գտնվող Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր հանդիպում է ունեցել Հնդկաստանի Հանրապետության աշխատանքի, զբաղվածության և շրջակա միջավայրի նախարար Բհուպենդեր Յադավի հետ։

Բարձր գնահատելով երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների դերը՝ երկուստեք կարևորվել է բազմոլորտ համագործակցության ընդլայնմանն ուղղված անհրաժեշտ քայլերի իրականացումը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել մասնագիտական խումբ, որն աշխատանքներ կիրականացնի համատեղ համաձայնագրերի ստորագրման նպատակով՝

•        Միասնական սոցիալական ծառայության մարդկային կապիտալի զարգացման,

•        աշխատանքային իրավունքների վերաբերյալ արտադատական վեճերի լուծման մեխանիզմների ներդրման,

•        աշխատանքային միգրացիայի հարցերի կարգավորման,

•        կանանց տնտեսական հզորացման,

•        աշխատաշուկայի զարգացման,

•        ԳԻԳ տնտեսության զարգացման և մի շարք այլ ուղղություններով։

Ընդգծելով ոլորտային երկխոսության  այս ձևաչափի կարևորությունը’  նախարար Նարեկ Մկրտչյանը նշել է, որ աշխատանքային խմբի մասնակցությամբ առաջիկայում կկազմակերպվեն առցանց քննարկումներ, որոնց շրջանակում էլ կմշակվեն համագործակցության ոլորտները կարգավորող համաձայնագրերը։

Բհուպենդեր Յադավին շեշտել է, որ Հայաստանի ու Հնդկաստանի աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում առկա խնդիրները գրեթե նույնաբնույթ են և հույս հայտնել, որ այս գործոնը կարող է արդյունավետ համագործակցության հիմք լինել։