Հնդկաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հովանու ներքո գործող «Observer Research Foundation»-ի (ORF) հրավերով՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու-Դելիում մասնակցել է Raisina Dialogue միջազգային համաժողովին։ ORF-ի կողմից կազմակերպված քննարկմանը ներկա են տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ՝ վարչապետեր, նախարարներ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ և այլք։
Նախարար Նարեկ Մկրտչյանն իր ելույթում անդրադարձել է թվային դարաշրջանի զարգացմամբ պայմանավորված փոփոխություններին, տեխնոլոգիական ապագայի մարտահրավերներին ու հնարավորություններին՝ ներկայացնելով այս ուղղությամբ Հայաստանի աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում առկա խնդիրներն ու նախատեսվող բարեփոխումները։ Վերջինս մասնավորապես խոսել է հեռավար ձևաչափով աշխատողների համար ոլորտում առկա ոչ լիարժեք կարգավորումների, անհատական պայմանագրերով արտերկրում գրանցված ընկերություններում աշխատող անձանց աշխատանքային իրավահարաբերությունների, դրանցից ծագող խնդիրների և մի շարք այլ հարցերի շուրջ:
Որպես խնդիրների կարգավորման առաջին քայլ՝ նախարարը նշել է օրենսդրական փոփոխությունների իրականացման անհրաժեշտությունը, որը հնարավորություն կստեղծի հստակեցնել աշխատանքային հարաբերությունների և թվային հարթակի աշխատանքի բնույթը, սահմանել տվյալ տիրույթում աշխատողների իրավունքներն ու պարտականություններն՝ այդ գործընթացում ներգրավվելով նաև արհմիություններին։
Այս համատեքստում Նարեկ Մկրտչյանը խոսել է նաև եղած խնդիրների շուրջ Հնդկաստանի Հանրապետության աշխատանքի, զբաղվածության և շրջակա միջավայրի նախարար Բհուպենդեր Յադավի հետ ձեռք բերած պայմանավորվածություննների մասին՝ միաժամանակ շեշտելով, որ Հնդկաստանն այն քիչ երկրներից է, որն արդեն իսկ ներդրել է ոլորտի կարգավորմանն ուղղված մի շարք համակարգեր։
Ամփոփելով ելույթը՝ նախարարը շեշտել է թվային դարաշրջանի ընձեռած հնարավորության օգտագործման կարևորությունն ու ընդգծել անհրաժեշտ քայլերի ձեռնարկումն արժանապատիվ աշխատանքային պայմաններ ապահովելու ուղղությամբ։