Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի հերթական նիստը

0
115

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի ունեցավ Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, ՀՀ ԱՍՀ նախարար Ա. Գիրգորյանը: Օրակարգում ներառված էր երեք հարց

  1. “Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին” ՀՀ օրենքի նախագծի քննարկում,
  2. հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովների կատարած աշխատանքների մոնիտորինգի արդյունքների ներկայացում,
  3. հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության իրազեկման միամսյակի միջոցառումերի ծրագրի հաստատում:

Ողջունելով նիստի մասնակիցներին` պարոն Գրիգորյանը նշեց. “Քանի որ սա մեր առաջին համատեղ նիստն է, ցանկանում եմ հավաստիացնել, որ անչափ կարևորում եմ հանձնաժողովի դերը: Ակնկալում եմ բոլորիդ ակտիվ մասնակցությունը: Այս ոլորտում դեռևս ունենք բազմաթիվ չլուծված հարցեր, որոնք պետք է քննարկվեն այստեղ,  և ընդունվեն համատեղ լուծումներ”:

Օրակարգը հաստատելուց հետո առաջին հարցի մասին զեկուցումով հանդես եկավ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջ. Բաղդասարյանը: Նա հանգամանորեն ներկայացրեց նոր օրենքի ստեղծման անհրաժեշտությունը,  հիմնական դրույթները, մեր երկրի կողմից 2010թ. վավերացված` ՄԱԿ-ի “Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին” կոնվենցիայից բխող նոր մոտեցումները: Որոշվեց.  նախագծում ներառել այլ նախարարություններից և գերատեսչություններից, ինչպես նաև Ազգային հանձնաժողովի անդամների կողմից արված նոր առաջարկությունները, լրացուցիչ քննարկում կազմակերպել ՀՀ քաղաքաշինության նախարարությունում:

Երկրորդ հարցի մասին ելույթ ունեցավ հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետ Ա. Կեսոյանը:

Նա ներկայացրեց մարզերի քաղաքային համայնքներում պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների կողմից շրջակա միջավայրը հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին հարմարեցնելու ուղղությամբ կատարած աշխատանքների մոնիտորինգի արդյունքները:

Ըստ բանախոսի`որոշակի դրական տեղաշարժեր կան, սակայն եզրահանգումը հետևյալն է.  մարզերի քաղաքային համայնքներում քաղաքապետարանների շենքերը, փողոցների երթևեկելի և հետիոտն գոտիները, մայթեզրերը, սոցիալական ենթակառույցները` բուժական, կրթական, մշակութային և այլ ծառայություններ տրամադրող կազմակերպությունների շինությունները հիմնականում հարմարեցված չեն հաշմանդամների տեղաշարժման և այլ ծառայություններից օգտվելու համար: Չկան հարմարեցված հասարակական հանգստի վայրեր, սպորտային և մանկական խաղահրապարակներ: Որոշ դեպքերում հարմարեցման նպատակով կատարված աշխատանքները չեն համապատասխանում գործող ստանդարտներին: Շահագրգիռ գերատեսչությունների և կազմակերպությունների կողմից ոչ բավարար ուշադրություն է դարձվում համայնքում բնակվող հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրներին: Ոչ բոլոր մարզերում են ակտիվորեն կիրառվում սոցիալական գործընկերության սկզբունքները:

Որոշվեց. մոնիտորինգի արգյունքները ներկայացնել ՀՀ քաղաքաշինության պետական տեսչություն:

Հանձնաժողովը հաստատեց հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության իրազեկման միամսյակի միջոցառումերի ծրագիրը: