ԽՍՀՄ Խնայբանկում ՀՀ քաղաքացիների ունեցած ավանդների փոխհատուցումն այս տարի ևս շարունակվում է: Այս կապակցությամբ է մեր հարցազրույցը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետի տեղակալ, նպաստների բաժնի պետ Արմեն Մարգարյանի հետ:
– Այս տարի ովքե՞ր իրավունք ունեն ստանալու ԽՍՀՄ Խնայբանկում իրենց ավանդադրած գումարների փոխհատուցումը:
– Կառավարության ծրագրի հիմքում դրված է, որ ավանդի փոխհատուցման ծրագիրը պետք է կրի շարունակական բնույթ, այն շարունակվում է նաև 2015 թվականին: Այս տարի ավանդների փոխհատուցումը տրամադրվում է կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի թիվ 460-Ն որոշմամբ սահմանված հիմքերով: 2015 թվականին ավանդների փոխհատուցման վճարման ցուցակներում իրավունք ունեն հաշվառվելու և, եթե նրանց հերթը, իհարկե, կհասնի կամ արդեն հասել է, ավանդի փոխհատուցում ստանալու մինչև 1931 թվականի դեկտեմբերի 31-ը ծնված անձինք, որոնք պետք է հաշվառված լինեն ընտանիքների անապահովության գնահատման համակարգում և ունենան 0-ից բարձր միավոր, պաշտպանության մարտական գործողություններին մասնակից անձինք, ինչպես նաև սահմանամերձ բնակավայրերում բնակվող, մինչև 2014 թվականի օգոստոսի 1-ն այնտեղ հաշվառում ունեցող անձինք:
Փոխհատուցում ստանալ ցանկացող հիշյալ անձինք հաշվառվում են համապատասխան սոցիալական աջակցության տարածքային գործակալություններում, ձեռք են բերում համապատասխան հերթ, հերթը հասնելուն պես, սահմանված չափերով ստանում են իրենց ավանդների փոխհատուցումը:
– Այս տարվա ընթացքում քանի մարդ է ստացել իր ավանդի փոխհատուցումը:
– Այս տարվա համար կառավարությունը ավանդների փոխհատուցման նպատակով տրամադրել է շուրջ 1,5 միլիարդ դրամ, որի կեսը, դարձյալ կառավարության որոշմամբ, տրամադրվում է տարեց ավանդատուներին, մյուս կեսը` սահմանամերձ բնակավայրերի հիշյալ բնակիչներին և պաշտպանության մարտական գործողություններին մասնակից անձանց, այսինքն` ազատամարտիկներին: Այս տարի, այս պահի դրությամբ, իրենց փոխհատուցումը նշածս երեք կատեգորիաներից ստացել են շուրջ 7000 ավանդատուներ, մոտ 10 օրից կտպագրվի նոյեմբեր ամսվա վճարման ցուցակը, այս տարվա նոյեմբեր-դեկտեմբերին շուրջ 1400-1500 ավանդատուների կտրամադրվի փոխհատուցում:
Ինչ ավանդների փոխհատուցման ծրագիրը սկսվել է, փոխհատուցման համար կառավարությունը պետական բյուջեով տրամադրել է շուրջ 11,5 միլիարդ դրամ, որն այս պահի դրությամբ բաշխվել է ավանդի փոխհատուցման իրավունք ունեցող անձանց: Նրանց ընդհանուր թիվը նախկին ծրագրով, որը սկսվել էր դեռ 2006 թվականից և ավարտվեց 2013 թվականին, շուրջ 60 000 էր, իսկ կառավարության թիվ 460-Ն որոշմամբ նախատեսված նոր ծրագրով` մոտ 16 000: Անցած տարվանից սկսված այս ծրագրով հաշվառման ժամկետ չի սահմանված, ծրագիրը փակ չէ, այսինքն` իմ նշած կատեգորիաների անձանցից ցանկացածն այսօր էլ, վաղն էլ կարող է հաշվառվել, հերթը հասնելու դեպքում ստանալ:
– Հաշվառման ի՞նչ ընթացակարգ է սահմանված:
– Նշածս կատեգորիաների անձինք կարող են դիմել իրենց փաստացի բնակության վայրի սոցիալական աջակցության տարածքային կենտրոն, հաշվառվել, այնտեղից ճշտել անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը (անհրաժեշտ փաստաթղթերը հիմնականում տեղեկանքն է ВТБ բանկից, դիմողի անձնագիրը, սոցիալական քարտը կամ հանրային ծառայության համարանիշը), ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը, հաշվառվել սոցիալական աջակցության համապատասխան տարածքային կենտրոնում, ստանալ իրենց հերթական համարը և սպասել: Քանի որ ВТБ-ն է տալիս տեղեկատվությունը, հաշվառումից հետո անհրաժեշտ բոլոր ճշտումները կատարվում են, մինչև որ տեղեկանք ենք ստանում, այն տարվում է կենտրոնական տեղեկատվական բազա, այնտեղից հետ գալիս, այս ամենը տևում է 1-1,5 ամիս: Դրանից հետո մարդը ստանում է հերթական համար, որով կարող է ճշտել, թե իր հերթը մոտավորապես երբ կհասնի:
Կարող եմ նշել, որ 2014 թվականից ի վեր, մինչև այժմ տարեց ավանդատուներից ավանդի փոխհատուցում են ստացել շուրջ 8728-ը, իսկ հերթի մեջ այս պահի դրությամբ կա 4877 անձ:
Պաշտպանության մարտական գործողություններին մասնակից անձանցից այս պահի դրությամբ փոխհատուցում ստացել են շուրջ 3312-ը, իսկ հերթի մեջ են դեռ 616 անձ:
Սահմանամերձ համայնքների բնակիչներից փոխհատուցում ստացել են շուրջ 4983-ը, այս պահին հերթի մեջ են 7752-ը:
– Առաջին գործողությունը կատարելուց մինչև գումարի ստացումն ինչքա՞ն է տևում:
– Այս պահի դրությամբ խնայողական բանկում ունեցած ավանդի վերաբերյալ բանկից տեղեկանք ստանալը տևում է ամենաշատը մեկ շաբաթ, քանի որ պիկն արդեն անցել է: Այս տարվա համար տրամադրվել է 1 միլիարդ 485 միլիոն դրամ, այսինքն` ամսական գումարի չափը կազմում է շուրջ 123-125 միլիոն դրամ, իսկ դա բավարարում է նշածս երեք կատեգորիաներից ընդհանուրը ամսական 600-700 անձի փոխհատուցում վճարելու համար, հետևաբար այսօրվա հերթն ահագին երկար է տևելու: Ինչպես արդեն նշեցի, տարեց ավանդատուներից այս պահի դրությամբ 4877 անձ դեռ հերթի մեջ է: Եթե համարենք, որ նրանցից ամսական շուրջ 300 հոգի է ընդգրկվում փոխհատուցման վճարման ցուցակ, ստացվում է, որ նրանց մի մասը փոխհատուցումը 2016 թվականից հետո կստանա: Վճարման ժամկետները կապված են ընդամենը բյուջեի հատկացումների հետ, եթե բյուջեից հատկացվող գումարը մեծ լիներ, ամսվա ցուցակներում ընդգրկվողների թիվն ավելի շատ կլիներ, հերթն ավելի արագ կգնար: