Ընտանիքի օրվան ընդառաջ՝ խնամատար ընտանիքները պարգևատրվել են հավաստագրերով ու հուշամեդալներով

0
109

Կարևորելով երեխայի ընտանիքում ապրելու իրավունքի իրացումն՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գործընկեր հասարակական կազմակերպությունների հետ համատեղ շարունակում է աշխատանքներ իրականացնել՝ խնամատարության ինստիտուտի զարգացման, այդ թվում՝ իրազեկվածության բարձրացման, խնամատար ծնողների կարողությունների հզորացման ուղղությամբ։

Ընտանիքի միջազգային օրվան ընդառաջ՝ ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոնում այսօր կայացել է Խնամատար ընտանիքների գնահատանքի արարողություն, որի ընթացքում հավաստագրերով և մեդալներով են պարգևատրվել խնամատար մի շարք ծնողներ։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանի խոսքով՝ վերջին մեկ-երկու տարվա ընթացքում նկատվում է խնամատար ընտանիքների թվի ինտենսիվ աճ, և այժմ 61 խնամատար ընտանիքում ապրում է 93 երեխա․ «Պետության կողմից իրականացվող քաղաքականությունն ուղղված է երեխայի ընտանիքում ապրելու իրավունքի լիարժեք իրացմանը։ Ու եթե հնարավոր չէ ապահովել երեխայի կենսաբանական ընտանիքի հետ վերամիավորումն, ապա մենք՝ որպես լիազոր մարմին պարտավոր ենք առնվազն ապահովել ընտանեկանին մոտ այլընտրանքային խնամքի միջավայր, իսկ խնամատարությունն այդ տեսանկյունից լավագույնն է»,-նշել է նախարարի տեղակալն ու հավելել, որ խնամատարությունը խնամատար ծնողների համար նաև աշխատանքային ստաժ է, նրանց է տրվում նվազագույն աշխատավարձ և երեխայի խնամքը ընտանիքում կազմակերպելու համար որոշակի գումար։

«Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Միրա Անտոնյանի հավաստմամբ ևս՝ արվում է ամենը խնամատար ընտանիքի մոդելը հանրապետության բոլոր մարզերում ներդնելու ուղղությամբ։

«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ կնքված հուշագրի շրջանակում իրականացնում ենք հանրային իրազեկման միջոցառումներ՝ արդեն իսկ տեղավորված երեխաների, խնամատար ծնողների և թեկնածու ընտանիքների անդամների համար՝ ծանոթացնելով խնամատարության գործընթացի էությանը, խնամատարության առավելություններին և խնդրահարույց իրավիճակներին։ Փորձում ենք համատեղ ուժերով, մենք՝ մեր մասնագիտական, նախարարությունն՝ իր վարչական ներուժով, այնպես անել, որ երեխաները ապրեն եթե ոչ իրենց կենսաբանական ընտանիքում, ապա վերապատրաստված, նվիրյալ, երեխաներին սիրող և երեխաների խնամքը և դաստիարակությունը կազմակերպելու ցանկություն հայտնած ընտանիքներում»,- նշել է Մ․ Անտոնյանը։

Միջոցառումը իրականացվել է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Ընտանեկան խնամք և համայնքային ծառայություններ Հայաստանի երեխաների համար» ծրագրի շրջանակում։