Կայացել է «Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ միջգերատեսչական ամփոփիչ քննարկումը

0
84

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանի, ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանի գլխավորությամբ՝ այսօր կայացել է «Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ միջգերատեսչական ամփոփիչ քննարկում։

Բանախոսների խոսքով՝ Հայաստանում այս պահին չկա կամավորական գործունեությունը լիրաժեք կարգավորող օրենսդրություն․ կամավորությունը և կամավոր աշխատանքի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են դրվագային՝ բարեգործությամբ զբաղվողների կամ հասարակական կազմակերպությունների համար։

Կամավորության ինստիտուտի կայացման, ամբողջական օրենսդրական կարգավորման ու անհրաժեշտ գործիքակազմի սահմանման նպատակով՝ Կառավարության ներկայացուցիչներն ու ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի պատգամավորները քննարկել են  օրենքի նախագիծը, որը հնարավորություն կտա հստակ սահմանել, թե օրինակ՝ երբ կարող է անձն ունենալ «կամավոր աշխատողի» կարգավիճակ, երբ կարող է վերջինս զբաղվել կամավորությամբ, ինչ պայմանագրի հիման վրա և մի շարք այլ մանրամասներ։

Հանդիպման ընթացքում ներկայացվել են oրենքի նախագծի հիմնական կարգավորումները, քննարկել եղած դիտարկումներն ու առաջարկները։ Նախագիծը լրամշակելուց հետո նախատեսվում է ներկայացնել այն ՀՀ վարչապետի աշխատակազմ:

Աշխատանքային քննարկումը կազմակերպվել է Միջազգային հանրապետական ինստիտուտի աջակցությամբ։