Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է բարելավել Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) կողմից տրամադրվող ծառայությունները։ Ընտանիքների սոցիալական և պարենային կարիքների գնահատման և դրանց անհապաղ արձագանքելու գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով՝ նախարարությունը պատրաստվում է գործարկել «Սոցիալական շտապօգնություն» ծրագիրը:
Այս նպատակով նախարարությունն ակտիվորեն համագործակցում է ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մի շարք կազմակերպությունների հետ։ Մասնավորապես՝ ԱՍՀՆ-ի և Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) միջև համագործակցության շրջանակում օրերս ՊՀԾ-ն Միասնական սոցիալական ծառայությանն է տրամադրել պլանշետներ (25 հատ), որոնք սոցիալական աշխատողներին հնարավորություն կտան հեշտությամբ հավաքագրել անհրաժեշտ տվյալները և տեղեկատվությունը ամբողջականացնել մեկ վայրում։
Պլանշետները կունենան կարիքների գնահատման գործիքներ, որոնց միջոցով կիրականացվի ընտանիքի կարիքների բազմակողմանի գնահատում, կարտացոլվի վերջիններիս պարենային ապահովությանն առնչվող կարիքները՝ գրանցելով դրանք միասնական շտեմարանում։
Մուտքագրված տեղեկատվության հիման վրա ձևավորված արդյունքների ամփոփումը թույլ կտա իրականացնել արագ արձագանքման ծրագրեր, ինչպիսին է «Սոցիալական շտապօգնությունը», որը նախատեսվում է մեկնարկել Սյունիքի մարզում։
Պարենի համաշխարհային ծրագիրը սերտ համագործակցում է Հայաստանի կառավարության հետ՝ աջակցելով Հայաստանում բնակվող պարենային անապահով բնակչությանը: 2021թ․-ին ՊՀԾ-ից Հայաստանում ուղղակի աջակցություն է ստացել 160,000 մարդ։ ՊՀԾ-ն աշխատում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ՝ բարելավելու ցնցումներին արձագանքող սոցիալական պաշտպանության համակարգերը և Հայաստանում խոցելի անձանց խմբերին պարենային օգնություն տրամադրելու նպատակով։