2022 թվականի հուլիսի 1-ից կենսաթոշակը կամ նպաստն անկանխիկ եղանակով ստացող այն քաղաքացիները, ովքեր ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում և ծառայություններ մատուցող կազմակերպություններում վճարային քարտերով ու վճարում ընդունող սարքերով կկատարեն գործարքներ, հաջորդ ամիս կստանան 10 %-ի չափով հետվճար։
Հետվճարի մեխանիզմը կգործի նաև կոմունալ վճարումների դեպքում, եթե դրանք կատարվեն կենսաթոշակային քարտը թողարկած բանկի բանկոմատների միջոցով։
Տրամադրվող հետվճարը կձևավորվի հետևյալ համամասնությամբ՝
պետություն՝ 5%,
համագործակցող բանկ՝ 5%:
Անկախ կատարած գործարքների չափից՝ հետվճարի գումարը չի կարող գերազանցել 5,000 դրամը։
Մինչև հունիսի 1-ը կհրապարակվի գործընկեր բանկերի ցանկը, որոնք միացել են ծրագրին։ Բոլոր այն քաղաքացիները, որոնք կենսաթոշակներն ու նպաստները ստանում են այդ ցանկում չընդգրկված կազմակերպությունների միջոցով, հնարավորություն կունենան փոխել իրենց կենսաթոշակը կամ նպաստը տրամադրող կազմակերպությունը։
Սոցիալական բաղադրիչին կից՝ միջոցառումը հնարավորություն կտա մեծացնել անկանխիկ գործարքների ծավալը, բարձրացնել սպառողների կողմից ֆինանսական ժամանակակից գործիքների և տեխնոլոգիաների վերաբերյալ գիտելիքներն ու ընդլայնել դրանց կիրառելիությունը։