ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ա. Ասատրյանի մամուլի ասուլիսը

0
141

Ս/թ. նոյեմբերի 11-ին “Ազդակ” ակումբում տեղի ունեցավ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ա. Ասատրյանի մամուլի ասուլիսը: Թեման` կենսաթոշակային բարեփոխումներ, կենսաթոշակների վճարման անկանխիկ եղանակ, ժամանակավոր անաշխատունակության նպաստներ, սոցիալական աջակցության  հասցեականության բարձրացում:

Պարոն Ասատրյանը ներկայացրեց կենսաթոշակային բարեփոխումների բովանդակությունը, կամավոր և պարտադիր կուտակային համակարգերի ներդրման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Հատկապես մանրամասնեց կենսաթոշակների անկանխիկ վճարման կարգը, գործընթացում ներգրավված մարմինների և քաղաքացիների կողմից իրականացվելիք քայլերը:

Ժամանակավոր անաշխատունակության նպաստների կարգում նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ  պարոն Ասատրյանը նշեց. “Կանայք, ովքեր գնում են հղիության արձակուրդ, ստանում են նպաստ` օրենքով սահմանված չափով: Սահմանվել է, որ ժամանակավոր անաշխատունակության` հղիության նպաստները կհաշվարկվեն աշխատավարձից, սակայն որոշակի սահմանափակումով: Առավելագույն չափը` նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով, որն այսօր կազմում է 162 հազ. 500 դրամ: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ աշխատող կանանց միայն 5%-ն է ստանում  ավելի բարձր աշխատավարձ, հետևաբար միայն այս խմբի մոտ կորցրած աշխատավարձի փոխհատուցումը կլինի ոչ թե 100, այլ  80-90 տոկոս: Կարծում եմ, սոցիալական արդարության տեսակետից սա ավելի ճիշտ է, քան եթե հաշվարկման հիմքում բոլորի համար դրվեր աշխատավարձի 50 տոկոսը, ինչն արվում է բազմաթիվ երկրներում”:

Խոսելով սոցիալական ծառայությունների հասցեականության բարձրացման մասին` բանախոսը  շեշտեց, որ այսօր այդ ծառայությունների հիմնական գործառույթը դրամական օգնություն տրամադրելն է: Կա խնդիր` սոցիալական աջակցության համար դիմած քաղաքացիների կարիքները համակողմանիորեն գնահատել և համալիր ծառայություններ մատուցել: Հենց այս խնդրի լուծմանն են ուղղված կառավարության քայլերը`  ստեղծել ինտեգրացված սոցիալական ծառայություններ, ուր ներկայանալով` քաղաքացին ուղղակի դիմում կներկայացնի, մնացածը կանեն պետական մարմինները: Այս համատեքստում անչափ կարևորվում է պետական մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների տեղեկատվական բազաների արդիականացման, տեղեկատվության ավտոմատ փոխանակման հարցը, ինչի ուղղությամբ էլ ներկայումս աշխատում են գործընթացին ներգրավված մարմինները:

Ասուլիսի վերջում պարոն Ասատրյանը պատասխանեց լրագրողների կողմից տրված բոլոր հարցերին: