Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների միամսյակի միջոցառումների ծրագիր

0
88

Նոյեմբերի 15-ին, <Նովոստի Արմենիա> միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցավ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների միամսյակի միջոցառումների ծրագրի ներկայացումը, որին մասնակցում էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջ. Բաղդասարյանը, <Հույսի կամուրջ> և <Ունիսոն> հասարակական կազմակերպությունների նախագահները:

Բացելով ասուլիսը` տիկին Բաղդասարյանը կարևորեց մեր երկրի օրենսդրությունը “Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին” ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթներին համապատասխանեցնելու անհրաժեշտությունը: Նախարարի տեղակալը նշեց, որ Կոնվենցիան վավերացնելով` մեր երկիրը նոր պարտավորություններ չի ստանձնում, դրանով նոր իրավունքներ չեն սահմանվում: Դրանք այն իրավունքներն են, որոնք հռչակված են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում, Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայում և մարդու իրավունքներին վերաբերող այլ համաձայնագրերում:

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան երաշխավորում է, որ այդ իրավունքները հարգվեն հաշմանդամություն ունեցող անձանց պարագայում: Բանախոսի ներկայացմամբ` նախարարությունը մշակում է “Հաշմանդամություն ունեցող  անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին” ՀՀ նոր օրենքը:

Տիկին Բաղդասարյանն ընգդծեց հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրները լուծելու գործում հանրային իրազեկման կարևորությունը:

“Հույսի կամուրջ” հասարակական կազմակերպության նախագահ Ս. Թադևոսյանը ներկայացրեց Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի կողմից հաստատված ծրագիրը, որտեղ ներառված են  ս/թ. նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը հանրապետությունում անցկացվելիք բազմազան միջոցառումներ, որոնց կազմակերպումն իրականացվելու է պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների սերտ համագործակցությամբ:

Ըստ “Ունիսոն” հասարակական կազմակերպության նախագահ Ա. Ալավերդյանի` մեր երկրի մատչելի միջավայր ապահովելուն ուղղված օրենսդրական հիմքերը բավարար են, սակայն մասնավորապես` սայլակով տեղաշարժվողների համար դեռևս էական փոփոխություններ չկան:

Ասուլիսի մասնակիցները հորդորեցին լրագրողներին` ավելի ակտիվ ներգրավվել հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրները լուսաբանելու, հասարակության մեջ ճիշտ վերաբերմունք ձևավորելու գործում: