10% հետվճար ստանալու իրավունքը տարածվում է նաև նպաստներն ու աջակցության որոշ տեսակներ անկանխիկ եղանակով ստացող քաղաքացիների վրա

0
118

2022 թվականի հուլիսի 1-ից անկանխիկ եղանակով գործարքներ կատարող կենսաթոշակառուներից բացի, 10%-ի չափով հետվճարի իրավունք կունենան նաև նպաստառուները։

Հետվճար ստանալու իրավունքը տարածվում է նպաստների և աջակցության հետևյալ տեսակներն անկանխիկ եղանակով ստացող քաղաքացիների վրա՝

  • ընտանեկան նպաստ,
  • սոցիալական նպաստ,
  • ծերության նպաստ,
  • հաշմանդամության նպաստ,
  • կերակրողին կորցնելու դեպքում նպաստ,
  • մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ,
  • երրորդ և հաջորդ երեխայի ծննդով պայմանավորված՝ 50,000 դրամ աջակցություն,
  • պատվովճար,
  • պարգևավճար։

Վերոնշյալ վճարները անկանխիկ եղանակով ստանալու համար շահառուն կարող է դիմել Միասնական սոցիալական ծառայության իր բնակության վայրն սպասարկող տարածքային կենտրոն՝ ներկայացնելով գրավոր դիմում, անձը հաստատող փաստաթուղթ և ընտրելով Ծառայության հետ պայմանագիր կնքած բանկը:

Սոցիալական և ընտանեկան նպաստն անկանխիկ եղանակով ստանալու նպատակով նպաստառու ընտանիքի չափահաս անդամներից մեկը կարող է դիմել Միասնական սոցիալական ծառայության իր բնակության վայրն սպասարկող տարածքային կենտրոն: Քաղաքացու կողմից ներկայացված դիմումը պետք է ստորագրված լինի ընտանիքի բոլոր չափահաս անդամների կողմից, ընդ որում՝ հաշիվը բացվելու է դիմողի անունով: