Շուրջ 12 մլն դրամ՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց տնային խնամքի ծառայությունների տրամադրման համար

0
89

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է պատվիրակման միջոցով տնային խնամքի ծառայություններ տրամադրել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց։  

Այս նպատակով պետական բյուջեից 2022 թ․ համար հատկացվել է շուրջ 12 մլն դրամ։

Տրամադրվող ծառայություններն ուղղված են խնամքի կարիք ունեցող, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող 18 տարին լրացած անձանց խնամքի ու սպասարկման կազմակերպմանը։ Դրանք տրամադրվում են անձի բնակության վայրում՝ գնահատված սոցիալական կարիքներին համապատասխան:

Տնային խնամքը ներառում է՝

  • սոցիալական խորհրդատվության տրամադրում շահառուին և նրա ընտանիքին,
  • հոգեբույժի պարբերական հսկողություն և խորհրդատվություն,
  • շահառուի սոցիալական ներառմանն ու համայնքային կյանքին մասնակցությանն ուղղված միջոցառումների իրականացում,
  • հոգեբանական օգնություն,
  • բժշկական օգնության կազմակերպում, այդ թվում՝ աջակցություն դեղերի ստացման գործընթացում,
  • շահառուի շահերի, իրավունքների պաշտպանություն և իրավական խորհրդատվության տրամադրում,
  • կենցաղային սպասարկում,
  • շահառուի սոցիալական կարողությունների և հմտությունների զարգացում, ինքնուրույն կենցաղավարման հմտությունների ուսուցանում, 
  • աշխատանքային թերապիա, արտթերապիա՝ շահառուի ցանկությամբ և այլն։

Վերոնշյալ ծառայությունները տրամադրվում է Երևանում՝ «Առաքելություն Հայաստան» հասարակական կազմակերպության միջոցով (հասցե՝ ք․ Երևան, Գ․ Նժդեհ 42, հեռ․՝ 010 44 47 92, 010 44 47 93)։