Երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Ավստրիայի կողմից իրականացվող քաղաքականությանը ծանոթանալու և փորձի փոխանակման նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը և «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի տնօրեն Սպարտակ Սարգսյանն աշխատանքային այց են ունեցել Վիեննա։
Վերջիններս հանդիպում են ունեցել Ավստրիայի կառավարության, ՍՕՍ միջազգային գրասենյակի, Երեխաների և երիտասարդների պաշտպանի գրասենյակի և պետական այլ կառույցների ներկայացուցիչների հետ։
Քննարկվել են կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին տրամադրվող ծառայությունների, վերջիններիս իրավունքների պաշտպանության գործընթացում պետության, ոլորտային ոչ պետական կառույցների, ինչպես նաև համայքների փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր։ Ընդգծվել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցության ուղղությունների ընդլայնման կարևորությունը․ պայմանավորվածություն է ձեռք բերվել երեխաների պաշտպանության համակարգին առնչվող իրավական հիմքերի, ընտանեկանին մոտ այլընտրանքային խնամքի կազմակերպման ձևերի ուսումնասիրության և դրանց հնարավոր տեղայնացման վերաբերյալ:
Այցը կազմակերպվել է «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Համակարգային խնդիրների վերհանում, աջակցություն երեխաների պաշտպանության ոլորտի բարեփոխումներին Հայաստանում, Ալբանիայում, Բելառուսում, Հյուսիսային Մակեդոնիայում և Ուկրաինայում» տարածաշրջանային ծրագրի շրջանակում։