Աշխատանքի տոնավաճառ

0
120

2010թ. նոյեմբերի 13-ին, Կառավարական 3 շենքում “Զբաղվածության պետական ծառայություն” գործակալության նախաձեռնությամբ տեղի ունեցավ աշխատանքի տոնավաճառ:

Տոնավաճառի նպատակն էր` աջակցել աշխատանք փնտրողներին` հանդիպել թափուր աշխատատեղ առաջարկող գործատուների հետ, ծանոթանալ գործազուրկների համար իրականացվող զբաղվածության ծրագրերին, գործատուներին` գտնել համապատասխան հմտություններով  մասնագետներ, ծանոթանալ աշխատուժի առաջարկին:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը` բացելով տոնավաճառը, նշեց. “ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մեծ նշանակություն է տալիս զբաղվածության պետական քաղաքականությանը, զբաղվածության կարգավորման ծրագրերի հասցեականությանն ու արդյունավետությանը: Դա հատկապես կարևորվում է ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքների մեղմանն ուղղված միջոցառումների շարքում, երբ պետության առաջնահերթ քայլերն ուղղված են աշխատատեղերի ստեղծմանը, զբաղվածության կարգավորմանը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված` աշխատանքի ընտրության ազատության իրավունքի իրացմանը:

Այս համատեքստում ողջունելի է զբաղվածության կարգավորման ցանկացած ակտիվ միջոցառում: Նման միջոցառումներից մեկը աշխատանքի տոնավաճառն է, որը գործատուին և աշխատողին առաջարկում է թերևս ամենաարդյունավետ և կարճ ճանապարհը. գործատուին` գտնել արհեստավարժ մասնագետներ, իսկ անձին` ունենալ արժանապատիվ աշխատանք և կայուն եկամուտ:

Հուսով եմ, որ այսօր ևս բազմաթիվ աշխատանք փնտրողներ կգտնեն իրենց ակնկալիքներին համապատասխան աշխատանք, իսկ գործատուները հնարավորություն կունենան համալրել իրենց աշխատողների կազմը որակյալ, խոստումնալից կադրերով: Գործընթացին ներգրավված բոլոր մասնակիցներից ակնկալում են ակտիվություն և մաղթում հաջողություն”:

Ներկաներին ողջունեց նաև “Կոկա-Կոլա” ընկերության ներկայացուցիչը, որից հետո Երևանում ԶՊԾԳ հետ ակտիվորեն համագործակցող և տոնավաճառի կազմակերպմանն աջակցող գործատուներին վկայագրեր հանձնեց  “Զբաղվածության պետական ծառայություն” գործակալության պետ Սոնա Հարությունյանը:

Տոնավաճառին մասնակցում էր շուրջ 80 գործատու, ներկայացված էր շուրջ 230 առկա և 180 սպասվող թափուր աշխատատեղ: