Նախարար Նարեկ Մկրտչյանն աշխատանքային այցով Հռոմում է

0
79

Հռոմում անցկացվող ՄԱԿ-ի ծերացման հարցերով նախարարական համաժողովի շրջանակում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանի ուղեկցությամբ հանդիպումներ է ունեցել հայ կաթողիկե եկեղեցու ու հաստատությունների ներկայացուցիչների հետ։

Մասնավորապես՝ հունիսի 15-ին նախարար Մկրտչյանն այցելել է Քահանայապետական Լևոնյան հայ վարժարան և Ս․ Նիկողայոս եկեղեցի ու հանդիպել վարժարանի տնօրեն Հ․ Նարեկ ծ․ վրդ․ Նամոյանին։

Նույն օրը նախարարի պատվիրակությունն Անարատ Հղության հայ քույրերի միաբանությունում հանդիպել է նաև միաբանության ընդհանուր մեծավորուհի Մ․ Արուսյակ Սաճոյանի հետ։

Հանդիպումներին նախարարը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրերն ու առաջնահերթությունները, կարևորել տվյալ բնագավառում սփյուռքում գործող կառույցների հետ ջանքերի մեկտեղումը և համագործակցությունը։

Նախարարը բարձր է գնահատել միաբանության երկարամյա գործունեությունն՝ ուղղված կյանքի դժվարին իրավիճակում հայտնված հայրենակիցների սոցիալական հիմնախնդիրների հասցեագրմանը։

Այցի շրջանակում նախարարն այցելել է նաև Վատիկան, հանդիպել Սուրբ Աթոռում հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչ Տ․ Խաժակ արք․ Պարսամյանին։