Նարեկ Մկրտչյանը ելույթ է ունեցել Հռոմում անցկացվող Ծերացման հարցերով նախարարական եռօրյա համաժողովում

0
88

Հունիսի 15-17-ը Հռոմում անցկացվում է Ծերացման հարցերով նախարարական եռօրյա համաժողովը, որին մասնակցում է նաև հայաստանյան պատվիրակությունն՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի գլխավորությամբ:

Պատվիրակության կազմում են՝ ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը,  ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը,  Իտալիայում Հայաստանի դեսպանատան դիվանագիտական կազմը, ինչպես նաև ոլորտային մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:   

Համաժողովի բացման նիստում ելույթ ունեցող հինգ երկրների շարքում Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել է երկրում ծերացման խնդիրների վերաբերյալ Մադրիդի միջազգային գործողությունների ծրագրի (MIPAA) շրջանակում արձանագրված արդյունքները։ Աշխատանքային խմբերի կողմից ներկայացվել և քննարկվել են մի շարք թեմաներ՝ ուղղված ակտիվ ու առողջ ծերացման խթանմանը, խնամողների և ընտանիքների համար երկարաժամկետ խնամքի ու աջակցության հասանելիության ապահովմանը։

Իր ելույթում նախարար Նարեկ Մկրտչյանն ընդգծել է տարեց անձանց համար արժանապատիվ, ակտիվ և առողջ ծերության ապահովման կարևորությունը․ «Հայաստանի կառավարությունը հավատարիմ է իր ստանձնած պարտավորությանը՝ տարեցների իրավունքների պաշտպանության, վերջիններիս հասարակակական կյանքին լիարժեք մասնակցության և խտրականության դեմ պայքարի ապահովման ուղղությամբ, այդ թվում՝ Կայուն զարգացման նպատակների իրականացմանն ուղղված ազգային ջանքերի շրջանակում։ Մեր առաջնահերթություններից է նպաստել տարեց անձանց աշխատանքային կյանքի երկարացմանը, վերջիններիս արդյունավետը, մատչելի առողջապահական ծառայությունների մատուցմանը, ակտիվ ծերացման հիմքերի ստեղծմանը»։

Նարեկ Մկրտչյանը նշել է նաև, որ ծերացող հասարակության ներկա միտումներին ու մարտահրավերներին համահունչ և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հետ սերտ համագործակցությամբ՝ 2021 թվականին մեկնարկել է նոր ծրագիր, որի նպատակն է բարելավել տարեցներին տրամադրվող խնամքի ծառայությունների որակը և ներդնել համայնքային ծառայություններ: Նախարարի խոսքով՝ Ծերացման հարցերով կառավարության 2021-2023 թվականների գործողությունների ծրագրով սահմանված է նաև ԱՍՀՆ նախաձեռնությունների ընդհանուր շրջանակը։ Այն ուղղված է սոցիալական ծառայությունների համակարգի բարելավմանը, տարեցների տնտեսական անվտանգության և սոցիալական ներգրավվածությանը:

Համաժողովը կամփոփի վերանայման և գնահատման չորրորդ շրջափուլը (2018-2022) և կնշի Ծերացման խնդիրների վերաբերյալ Մադրիդի միջազգային գործողությունների ծրագրի և դրա տարածաշրջանային իրականացման ռազմավարության (MIPAA/RIS) ընդունման 20-ամյակը:

Հայաստանյան պատվիրակությունը համաժողովին մասնակցում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աջակցությամբ։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը սերտորեն համագործակցում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հետ՝ Հայաստանում ժողովրդագրական իրավիճակի բարելավման, մասնավորապես, ժողովրդագրության ռազմավարության մշակման հարցերում։