Շարունակվում են սոցիալական պաշտպանության ոլորտի բարեփոխումները

0
92

Սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող քաղաքականությունը, որն ուղղված էր իրավիճակային բնույթ կրող խնդիրների լուծմանը, 2003 թվականից սկսած, Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի ընդունմամբ, դրվեց հայեցակարգային հիմքերի վրա:

Նշված ծրագրի հիմնական նպատակներից մեկը` թիրախային սոցիալական քաղաքականություն իրականացնելու միջոցով աղքատության կրճատումն էր:

Այն իր տրամաբանական շարունակությունը ստացավ 2008թ. ընդունված` Կայուն զարգացման ծրագրում, որի շրջանակներում ուրվագծվեցին Հայաստանի Հանրապետության սոցիալական պաշտպանության համակարգի տիպանմուշի (մոդելի) հիմնական բաղադրիչները և սոցիալական պաշտպանության ոլորտի թիրախային (նպատակային) ցուցանիշները:

Միաժամանակ, ՀՀ կառավարությունը ձեռնամուխ եղավ կենսաթոշակային բարեփոխումների իրականացմանը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կենսաթոշակային ապահովության համակարգին է ուղղվում սոցիալական պաշտպանության ոլորտին հատկացված ֆինանսական միջոցների գերակշիռ մասը, կենսաթոշակային բարեփոխումներն առարկայական ազդեցություն ունեն ոլորտում իրականացվող մյուս ծրագրերի վրա:

Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներին վերաբերող օրենսդրական փոփոխությունների արդյունքում, 2008թ. հունվարի 1-ից, պարտադիր սոցիալական ապահովագրության վճարը փոխարինվեց պարտադիր սոցիալական ապահովության վճարի, որով վերացվեց նաև համախմբված բյուջեի կազմում ներառվող պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեն, իսկ սոցիալական վճարները ներառվեցին պետական բյուջեի ընդհանուր հարկային եկամուտներում:

Ժամանակավոր անաշխատունակության նպաստները վերածվեցին պետական բյուջեի միջոցների հաշվին վճարվող սոցիալական աջակցության նպաստների: Ըստ էության վերացվեց պարտադիր սոցիալական ապահովագրության համակարգը և առարկայական անհրաժեշտություն դարձավ վերափոխել նաև ժամանակավոր անաշխատունակության (այդ թվում` հղիության և ծննդաբերության) նպաստների համակարգը:

Վերը նշվածի արդյունքում առաջացան բազմաթիվ սկզբունքային հակասություններ նպաստի էության և բովանդակության միջև: Մասնավորապես.

  • նպաստի առավելագույն չափի բացակայության արդյունքում նվազում է սոցիալական աջակցության շրջանակներում կատարվող ծախսերի հասցեականությունը, առանձին դեպքերում ետին պլան մղելով նպաստի սոցիալական նշանակությունը,
  • տարբեր է նույն նպատակի համար տրվող նպաստների հաշվարկման կարգը,
  • նպաստներն ամբողջությամբ ֆինանսավորվում են ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին, այնինչ, միջազգային պրակտիկայում, անաշխատունակության առաջին օրերի համար նպաստները վճարվում են գործատուի միջոցների հաշվին, ինչը նվազեցնում է գործատուի համաձայնությամբ աշխատանքի չներկայանալու և այդ ժամանակաշրջանի համար պետության հաշվին վճարվելու ռիսկը,
  • նպաստի հաշվարկման կարգում կիրառվում է ապահովագրության տրամաբանությունը, որի շրջանակներում լինում են դեպքեր, երբ նպաստի չափը ավելի բարձր է, քան այն աշխատավարձի չափը, որը անձը կստանար աշխատելու դեպքում: Ընդ որում, նշված համակարգում առկա խնդիրների լուծման տարբերակների ընտրությունը պետք է կատարվեր հաշվի առնելով սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ծախսային քաղաքականության գերակայությունները: Իսկ այդ գերակայությունները սոցիալապես ավելի խոցելի (ռիսկի գոտում գտնվող) խմբերն են` որպես հիմնական նպատակ դիտարկելով աղքատության հաղթահարումը և սոցիալական պաշտպանության ոլորտի մի շարք կարևորագույն թիրախային ցուցանիշները:

Վերը նշվածի համատեքստում ակնհայտ է, որ ներկայացվող փոփոխությունները պայմանավորված են սոցիալական պաշտպանության ոլորտում ՀՀ կառավարության վարած համալիր քաղաքականությամբ և փոխկապակացված են վերջինիս:

Հարկ է նկատի ունենալ, որ նախաձեռնված օրենսդրական փոփոխությունների շրջանակներում հաշվի են առնվել Հայաստանի Հանրապետությունում առկա իրավիճակն ու դրա առանձնահատկությունները և հիմնված են միջազգային փորձի վրա:

Մասնավորապես, միջազգային պրակտիկայում ընդունված է աշխատող կնոջ աշխատավարձից հաշվարկվող` պետական բյուջեի միջոցների հաշվին վճարվող հղիության և ծննդաբերության նպաստների (ըստ միջազգային դասակարգման` մայրության կապակցությամբ տրվող երաշխիք է) չափերի առավելագույն շեմ կիրառելը, որը հատուկ է բազմաթիվ եվրոպական երկրների (տես եվրոպական երկրների սոցիալական պաշտպանության համակարգերի համեմատական աղյուսակները` http://ec.europa.eu, http://www.socialcohesion.coe.int):

Միջազգային պրակտիկայում կիրառվում է նաև նպաստի չափի սահմանափակման մեկ այլ “գործիք”` նպաստները կազմում են հաշվարկված միջին աշխատավարձի 50-ից 80 տոկոսը (քանի որ պարտադիր սոցիալական ապահովագրության որևէ համակարգ չի ապահովում ամբողջական փոխհատուցում):

Հաշվի առնելով սոցիալական պաշտպանության ոլորտում վարվող քաղաքականությունը, ինչպես նաև` այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության տեղեկատվության` շուրջ 241.000 իգական սեռի վարձու աշխատողներից 150000 դրամից բարձր աշխատավարձ են ստանում շուրջ 13000-ը, կամ` 5.5 տոկոսը և վերլուծելով միջազգային փորձը` ընտրվել է մի տարբերակ, որը նպաստավոր է սոցիալապես խոցելի խմբերի (քիչ եկամուտներ ունեցողների) համար. ներկայացված նախագծի համաձայն` նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափից ցածր աշխատավարձ ստացող անձանց երաշխավորվում է միջին ամսական աշխատավարձի 100 տոկոսի չափով հղիության և ծննդաբերության նպաստ (քանի որ ակնհայտ է, որ այս անձինք կազմում են ճնշող մեծամասնություն և սոցիալապես ավելի խոցելի են, քան ավելի բարձր աշխատավարձ ստացողները), իսկ 150.000 դրամից (սկսած 2011թ. հունվարի 1-ից` 162.500 դրամից) բարձր եկամուտ ստացող անձանց տրվող նպաստի չափը համապատասխանորեն կնվազի եկամտի 100 տոկոսից:

Ժամանակավոր անաշխատունակության նպաստները տրվում են որպես աշխատող անձի կորցրած աշխատավարձի (եկամուտի) մասնակի փոխհատուցում, այնինչ գործող օրենսդրության շրջանակներում հաշվարկվող նպաստի չափը ավելի բարձր է, քան կորցրած եկամուտը` այն աշխատավարձի չափը, որը անձը կստանար աշխատելու դեպքում (քանի որ աշխատավարձը եկամտահարկի հաշվարկման օբյեկտ է):

Միաժամանակ, միջազգային պրակտիկայում ևս, վերոնշյալ նպաստները, որպես կորցրած եկամտի փոխհատուցում, հարկվում են:

Նպաստի չափը օրացուցային օրերի փոխարեն աշխատանքային օրերի հիման վրա հաշվարկելու կապակցությամբ հարկ է նկատի ունենալ, որ այս փոփոխությունը նպաստի չափի վրա ունի դրական ազդեցություն, քանի որ այս դեպքում նպաuտի չափը հաշվարկելու համար միջին ամսական աշխատավարձը բաժանվում է աշխատանքային օրերի և բազմապատկվում է ժամանակավոր անաշխատունակության ժամանակաշրջանի աշխատանքային օրերի թվով (այսինքն` այս դեպքում աճում է միջին օրական նպաստի չափը):

Օրինակ` 150000 դրամ միջին աշխատավարձով աշխատող կնոջ` 01.08.2010թ-18.12.2010թթ. ժամանակահատվածում հղիության և ծննդաբերության նպաստի չափը, համաձայն գործող կարգի` կկազմի շուրջ 690000 դրամ (150000/30.4X140):

Նոր կարգի համաձայն` նպաստի չափը կկազմի.

վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում` շուրջ 714000 դրամ (150000/25X119 աշխատանքային օր),

հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում` շուրջ 707000 դրամ (150000/25X99 աշխատանքային օր):

Իհարկե, պետք է նկատի ունենալ, որ վերը նշված նպաստի չափերը ներկայացված են առանց հարկելու, ինչի պարագայում դրանց չափերը կնվազեն:

Խնդրո առարկա սահմանափակումը Եվրոպական սոցիալական խարտիայի 8-րդ հոդվածին հակասելու կապակցությամբ հարկ է նկատի ունենալ, որ հոդվածի 1-ին կետի համաձայն` պարտադիր պայման է սահմանված առնվազն տասնչորսշաբաթյա հղիության և ծննդաբերության արձակուրդը (ՀՀ-ում դրա տևողությունը 20 շաբաթ է)` այդ ժամանակահատվածի համար վճարման կարգը թողնելով ներպետական օրենսդրությանը (խարտիայի 8-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` այն կարող է լինել վճարովի արձակուրդ, կամ այդ ժամանակահատվածի համար կարող են վճարվել պետական բյուջեից կամ այլ բյուջեներից ֆինանսավորվող նպաստներ):

Նույն մոտեցումն է ամրագրված նաև Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայում:

Մասնավորապես, կոնվենցիայի 11-րդ հոդվածի 2-րդ մասի “բ” կետի համաձայն` հնարավոր տարբերակ է համարվում հղիության ու ծննդաբերության ժամանակահատվածի համար վճարովի արձակուրդ տալը (երբ կպահպանվի անձի միջին աշխատավարձը), կամ` հղիության ու ծննդաբերության արձակուրդի համար նպաստի վճարումը:

Վերոնշյալ մոտեցումը պայմանավորված է այն հանգամանքով, որ հղիության և ծննդաբերության արձակուրդի համար սահմանվող դրամական նպաստները (հաշվարկման կարգը, չափը) փոխկապակցված են կոնկրետ երկրի սոցիալական պաշտպանության համակարգի առջև դրված խնդիրների (նպատակների) հետ` հաշվի առնելով երկրի հնարավորությունները:

Ուշագրավ են խնդիրը բարձրացրած անձանց համար “առավել կարևոր և հիմնարար փաստաթղթի”` 1970թ. Ժնևում ստորագրված` Վճարովի արձակուրդների մասին կոնվենցիային չհամապատասխանելու վերաբերյալ հիմնավորումները:

Հարկ է նկատի ունենալ, որ կոնվենցիայի դրույթները հղիության և ծննդաբերության արձակուրդին չեն կարող վերաբերել այն պարզ պատճառով, որ դրանց կարգավորման առարկան ամենամյա վճարովի արձակուրդն է, որը, ինչպես միջազգային դասակարգման, այնպես էլ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի համաձայն` հանգստի ժամանակի տեսակ է (ի տարբերություն հղիության և ծննդաբերության արձակուրդի, որը նպատակային արձակուրդի տեսակ է):

Միաժամանակ, վերոնշյալ կոնվենցիայի 5-րդ հոդվածը սահմանում է, որ.

1) կողմերը կարող են սահմանել ամենամյա վճարովի արձակուրդի իրավունք տվող աշխատանքային ստաժի նվազագույն տևողություն,

2) ամենամյա վճարովի արձակուրդի իրավունք տվող աշխատանքային ստաժի նվազագույն տևողությունում հաշվառվում են նաև “աշխատողից անկախ պատճառներով աշխատանքից բացակայելը, ինչպիսիք են հիվանդությունը, խեղումը կամ հղիությունը”:

Ավելորդ չէ նշել, որ վերոնշյալ դրույթները իրացված են ՀՀ աշխատանքային օրենսգրքում, իսկ համաձայն “Պետական կենսաթոշակների մասին” ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի` ժամանակավոր անաշխատունակության նպաստ ստանալու ժամանակահատվածը հաշվառվում է ապահովագրական ստաժում:

Ելնելով վերը նշվածից` ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված “Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին” ՀՀ օրենքը ոչ միայն չի հակասում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններին, այլև ոլորտի հետագա կատարելագործմանն ուղղված քայլերից է:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն