տեղեկատվավերլուծական կենտրոնը տոնեց իր ստեղծման 10-ամյակը

0
90

Նոյեմբերի 23-ին <Անի Պլազա> հյուրանոցի <Անի> սրահում <Նորք> տեղեկատվավերլուծական կենտրոնը տոնեց իր ստեղծման 10-ամյակը: Հանդիսավոր միջոցառմանը մասնակցում էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա.Գրիգորյանը, շահագրգիռ ու համագործակցող գերատեսչությունների ղեկավարներ, նախարարության պաշտոնատար անձինք, բարձրաստիճան հյուրեր, լրագրողներ:

Սրտանց շնորհավորելով կենտրոնի աշխատակազմին` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Գրիգորյանը նշեց, որ ի սկզբանե կենտրոնը ստեղծված լինելով պետական, մասնավորապես` սոցիալական պաշտպանության ոլորտում նորագույն տեխնոլոգիաների ներդրման և զարգացման նպատակով, այս տարիների ընթացքում դարձել է համակարգի անփոխարինելի և ամենավստահելի հենասյուներից մեկը:

<<Ոլորտում իրականացվող որևէ կարևորագույն ծրագիր դժվար է պատկերացնել առանց <Նորք> տեղեկատվավերլուծական կենտրոնի մասնակցության: Նախարարությանը պատիվ է բերում այն հանգամանքը, որ <Նորք> կենտրոնը համարվում է Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջատար ընկերություններից մեկը և լիովին ներգրավված է ոլորտում իրականացվող գործընթացներում: Նախարարությունը մշտապես կարևորել և սատարել է ոլորտում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված կենտրոնի նախաձեռնությունները: Համոզված եմ, դեռ շատ առիթներ կլինեն խոսելու <Նորք> տեղեկատվավերլուծական կենտրոնի լավ աշխատանքի մասին և արձանագրելու  նորանոր ձեռքբերումներ>>,-ընդգծեց իր խոսքում նախարարը:

Կենտրոնի տնօրեն Հայկ Չոբանյանը ներկայացրեց գործունեության 10 տարիների ընթացքում կատարած աշխատանքները` պետական և մասնավոր ոլորտների համար կազմակերպության կողմից մշակված և ներդրված 20-ից ավելի տեղեկատվական համակարգեր, որոնք բոլորն էլ շահագործվում են բարձր արդյունավետությամբ: Կենտրոնը զբաղվում է կառավարության ոլորտում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրմամբ և ծառայությունների բավական լայն շրջանակ ունի` ծրագրային ապահովում, ՏՀՏ ուսուցում, համակարգիչների և հարակից սարքավորումների սպասարկում, բիզնեսի ավտոմատացում:

<<Կարելի է ասել, որ մեր կազմակերպությունն իր առջև դրված հիմնական խնդիրներն արդեն լուծել է: Թեև մենք միշտ ձգտում ենք ավելին անել, շնորհիվ մեր գործընկերների և հատկապես ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության: Մեր նախաձեռնությունների համար լուրջ աջակցություն ենք ունեցել նաև հանրապետության մյուս նախարարությունների կողմից: Լինելով պետական կառույց, մեծ հաջողություն ենք արձանագրել նաև մասնավոր ոլորտի հետ մեր աշխատանքներում: Սա էլ փաստում է, որ մրցունակ ենք նաև այդ ոլորտում>,-իր խոսքում նշեց Հ. Չոբանյանը:

Կենտրոնի աշխատակիցներին շնորհավորեցին նաև այլ պատվավոր հյուրեր և պաշտոնյաներ: ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի խոսքով` “Նորք” տեղեկատվավերլուծական կենտրոնի գործունեության մեջ հատկանշական է այն, որ կենտրոնը, լինելով պետական կառույց, գրավել է բիզնես հանրության ուշադրությունը: “Այս օրինակը բավականին ոգևորիչ է, և կարծում եմ` մենք այն կկարողանանք կիրառել նաև այլ պետական կառավարման մարմիններում”,- ասաց Ն.Երիցյանը` հավելելով, որ կենտրոնը նաև կարևոր դեր է խաղում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման և մասնավոր հատվածի սպասարկման գործում:

Միջոցառման ավարտին Հ. Չոբանյանն ու մի շարք աշխատակիցներ պարգևատրվեցին ՀՀ վարչապետի շնորհակալագրերով, ինչպես նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հուշամեդալներով ու շնորհակալագրերով: