Աշխատանքային իրավունքի ոլորտային օրենսդրության, սոցիալական գործընկերության ամրապնդման ու աշխատողների իրավունքների պաշտպանության մեխանիզմների բարելավման նպատակով՝ տեղի է ունեցել «Աշխատողների հզորացումն աշխատանքային բարեփոխումների միջոցով» թեմայով քննարկում, որի ընթացքում բացման խոսքով հանդես են եկել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ՀՀ ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության տնօրենի պաշտոնակատար Երվանդ Շիրինյանը։
Միջոցառման շրջանակում ներկայացվել են ՀՀ աշխատանքային օրենսգրքում նախատեսվող առանցքային բարեփոխումները, քննարկվել ՀՀ-ԵՄ միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) քաղաքացիական հասարակության համատեղ մշտադիտարկման արդյունքները։
Անդրադառնալով աշխատանքային իրավունքի ոլորտում նախարարության կողմից իրականացվող ու նախատեսվող բարեփոխումներին՝ Նարեկ Մկրտչյանը նշել է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ նախատեսող օրենքի նախագծի նպատակն է գործող կարգավորումները հնարավորինս համապատասխանեցնել ՀՀ կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին, ինչպես նաև լուծել իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած մի շարք խնդիրներ։ Նախարարի խոսքով՝ նախատեսվող փոփոխությունները վերաբերում են թե՛ աշխատողներին, թե՛ գործատուներին, և թե՛ սոցիալական գործընկերությանը․
«Օրենքի նախագիծը տարբեր փուլերում քննարկվել է ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի, Աշխատանքի միջազգային կազմակերպության, սոցիալական գործընկերների, ՀԿ-ների և այլ շահագրգիռ կողմերի հետ։ Նախարարության կողմից զուգահեռ աշխատանքներ են իրականացվում նաև ՀՀ-ում աշխատանքային վեճերի լուծման արտադատական համակարգի ներդրման, աշխատողների առողջության և անվտանգության ապահովման համար անհրաժեշտ կանոնների ու նորմերի սահմանման և այլ ուղղություններով ևս»։
Հանդիպման շրջանակում քննարկվել են նաև Աշխատանքային օրենսգրքի ընթացիկ բարեփոխումներին, աշխատողների իրավունքների պաշտպանության ոլորտի օրենսդրական խոչընդոտներին, արհմիությունների հզորացման հնարավորություններին ու մարտահրավերներներին, ինչպես նաև աշխատանքային իրավունքների պաշտպանության ինստիտուցիոնալ շրջանակին առնչվող մի շարք հարցեր։
Հանդիպումն իրականացվել է ՀՀ-ԵՄ միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) քաղաքացիական հասարակության համատեղ մշտադիտարկման շրջանակում, որը համակարգել է «Բաց hասարակության hիմնադրամներ-Հայաստան» կազմակերպությունը։