Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է տնային պայմաններում խնամքի ծառայություններ մատուցել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց՝ անհատական սոցիալական կարիքներին համապատասխան։
Երևանում և մարզերում անհրաժեշտ ծառայությունների տրամադրման նպատակով 2022 թվականին հատկացվել է ավելի քան 193,5 մլն դրամ։
Այս պահի դրությամբ՝ տնային պայմաններում խնամք է ստանում շուրջ 1820 շահառու։
65 տարեկան տարեց և 18 տարեկան հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվում է սոցիալ-հոգեբանական, բժշկական օգնության, կենցաղային սպասարկման կազմակերպման և խնամքի իրականացման, խորհրդատվության, իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությանն ուղղված ծառայություններ։
Վերոնշյալ ծառայություններից օգտվելու համար քաղաքացին կարող է դիմել իր փաստացի բնակության վայրի Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն, որտեղ կատարվում է անձի կարիքի գնահատում և տրամադրվում եզրակացություն՝ խնամքի անհրաժեշտության կամ բացակայության վերաբերյալ։ Դրական եզրակացության դեպքում անձն ուղեգրվում է տնային պայմաններում խնամքի ծառայություններ տրամադրող կազմակերպություն։
2022 թվականին անհրաժեշտ ծառայությունները մատուցվում են հետևյալ կազմակերպությունների միջոցով՝
- Երևանում՝ «Առաքելություն Հայաստան» ՀԿ, «Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիա» ՀԿ
- Արագածոտնի մարզում՝ «Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիա» ՀԿ,
- Արարատի մարզում՝ «Հայկական Կարիտաս» ԲՀԿ և «Առաքելություն Հայաստան» ՀԿ,
- Արմավիրի մարզում՝ «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ,
- Գեղարքունիքի մարզում՝ «Հայկական Կարիտաս» ԲՀԿ, «Առաքելություն Հայաստան» ՀԿ,
- Լոռու մարզում՝ «Հայկական Կարիտաս» ԲՀԿ, «Հայկական կարմիր խաչի ընկերություն»,
- Կոտայքի մարզում՝ «Առաքելություն Հայաստան» ՀԿ,
- Շիրակի մարզում՝ «Հայկական Կարիտաս» ԲՀԿ, «Հայկական Կարմիր խաչի ընկերություն»,
- Սյունիքի մարզում՝ «Առաքելություն Հայաստան» ՀԿ,
- Վայոց Ձորի մարզում՝ «Հայկական Կարմիր խաչի ընկերություն»,
- Տավուշի մարզում՝ «Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիա» ՀԿ։