ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Ա. Պետրոսյանն ընդունեց Կատարի պետության ներքին գործերի և աշխատանքի նախարարությունների ներկայացուցիչներին:
Այցի նպատակն էր շուրջ երկու տարի առաջ Կատարի պետության Դոհա քաղաքում նախաստորագրված համաձայնագրի դրույթների քննարկումը և նախնական աշխատանքների կազմակերպումը:
Համաձայն “ՀՀ կառավարության և Կատարի պետության կառավարության միջև Կատարի պետության տարածքում Հայաստանի Հանրապետության աշխատուժի օգտագործման մասին” համաձայնագրի նախագծի` մեր երկրում պետք է իրականացվի Կատարում աշխատելու ցանկություն ունեցող մասնագետների կարողությունների վերաբերյալ համապատասխան տեղեկատվության հավաքագրում: Այս աշխատանքները որպես լիազոր մարմին կիրականացնի ՀՀ ԱՍՀՆ “Զբաղվածության պետական ծառայություն” գործակալությունն իր 51 տարածքային կենտրոններով:
Կարևորելով այցի նպատակը` պարոն Պետրոսյանն առաջարկեց աշխատանքների արդյունավետությունն ապահովելու նպատակով նախքան համաձայնագրի ստորագրումը սկսել աշխատուժի հավաքագրման և մասնագիտությունների ու կարիքների մասին փոխադարձ տեղեկատվության տրամադրման աշխատանքները:
Պատվիրակության անդամները ընդունեցին առաջարկն ու պատրաստակամություն հայտնեցին շարունակել փոխշահավետ համագործակցությունը: