Հունիսի 1-ին, Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, մի շարք լրատվամիջոցների լրագրողներ “Մարի Իզմիրլյան” մանկատան սաների հետ բարեկարգեցին մանկատան բակը, ծաղիկներ տնկեցին, ներկեցին ցանկապատն ու դարպասը, ինչպես նաև նվերներ հանձնեցին մանկատանը: Միջոցառմանն իր կրտսեր որդու` 6-ամյան Հայկի հետ մասնակցեց նաև ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, որը ևս նվեր էր բերել երեխաներին: Նախարարը զրուցեց երեխաների հետ, շրջեց մանկատնով, ծանոթացավ վերականգնողական աշխատանքներին, ծառ տնկեց:
Մանկատան սաների համար իսկական տոն էր. նրանք երգում էին, պարում, խաղում, մասնակցում բարեկարգման աշխատանքներին:
Մանկատնից նախարարն ուղղվեց Մանկական երկաթուղու հարակից տարածք, որտեղ միացավ NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության նախաձեռնությամբ կայացող “Գնի’ր պաղպաղակ, օգնի’ր երեխաներին” բարեգործական ակցիային:
Նախարարը մոտեցավ պաղպաղակ վաճառող հայտնի անձանց (քաղաքական գործիչներ, պատգամավորներ, շոու բիզնեսի ներկայացուցիչներ), նրանցից պաղպաղակ գնեց և բարեգործություն արեց: Նշենք, որ միջոցառումից գոյացած ողջ հասույթը հատկացվելու է Արցախի Քարվաճառի շրջանի երեխաներին: