Տեղի ունեցավ նախարարին կից հերթական կոլեգիայի նիստը

0
75

Նոյեմբերի 30-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի ունեցավ նախարարին կից հերթական կոլեգիայի նիստը, որին մասնակցում էին նախարարության առանձնացված և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ, շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ:

Նիստի օրակարգում ներառված էր երկու հարց` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության <<Զբաղվածության պետական ծառայություն>> գործակալության կողմից Բնակչության զբաղվածության կարգավորման 2010թ. պետական ծրագրի շրջանակներում իրականացված ակտիվ ծրագրերի կատարման հաշվետվությունը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի գլխավոր աուդիտորի 2010թ. կատարած աշխատանքները:

Օրակարգի առաջին հարցը ներկայացրեց <<Զբաղվածության պետական ծառայություն>> գործակալության պետ Սոնա Հարությունյանը: Նա նշեց, որ 2010թ. նոյեմբերի 1-ի դրությամբ հանրապետությունում գործազրկության մակարդակը տարեսկզբի համեմատ նվազել է 0.3 %-ով և կազմում է 7.0 %: Հանրապետական միջինից այն բարձր է Լոռու` 11.1%, Սյունիքի` 10.1%, Շիրակի` 9.6%, Կոտայքի` 9.3%, Տավուշի` 8.7% մարզերում և Երևան քաղաքում` 8.1%: Տիկին Հարությունյանը կարևորեց <<Զբաղվածության պետական ծառայություն>> գործակալության կողմից զբաղվածության կարգավորման պետական ծրագրերի շրջանակներում գործազուրկների, հաշմանդամների և երկարամյա ծառայության կամ արտոնյալ պայմաններով կենսաթոշակ ստացող անձանց մասնագիտական ուսուցման ծրագրերի (վերամասնագիտացում, որակավորման բարձրացում, նախնական պատրաստում կամ արհեստագործական ուսուցում) կազմակերպումը: Մասնագիտական ուսուցման դասընթացներում ընդգրկված անձանց ավելի քան 70%-ն ավարտելուց հետո տեղավորվում է աշխատանքի:

Օրակարգի երկրորդ հարցը ներկայացրեց նախարարության աշխատակազմի գլխավոր աուդիտոր Սերգեյ Տերտերյանը: Նա նշեց, որ 2010թ. 11 ամիսների ընթացքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 2010թ. ներքին աուդիտի հաստատված <<Տարեկան ծրագրի>> համաձայն նախատեսված էր իրականացնել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգի թվով 24 հիմնարկ-կազմակերպությունների ներքին աուդիտ: 2010թ. նոյեմբերի 30-ի դրությամբ աուդիտ իրականացվել է թվով 22 կազմակերպություններում, որի արդյունքում հայտնաբերվել են մի շարք ֆինանսական խախտումներ:

Նիստի ավարտին նախարարը տիկին Հարությունյանին հանձնարարեց գործատուների հետ աշխատանքներն էլ ավելի ակտիվացնել, մասնավորապես, նոր թափուր աշխատատեղեր հայտնաբերելու ուղղությամբ:

Առաջարկվեց նաև ներքին աուդիտ իրականացնելու համար նախարարության համապատասխան վարչությունների և բաժինների աշխատակիցներից ստեղծել հանձնաժողով: