Սոցիալական աջակցության ոլորտի բարեփոխումների շրջանակում ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ շարունակվում են «Սոցիալական աջակցության մասին» օրենքի նոր խմբագրության և հարակից օրենքներում նախատեսվող փոփոխությունների ու լրացումների նախագծի շուրջ հանրային քննարկումները։
Նախագծերի փաթեթի շուրջ իրենց դիտարկումներն ու առաջարկներն են ներկայացրել Ազգային ժողովի աշխատանքի և սոցիալական հարցերի, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի, Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովների, ինչպես նաև ոլորտում գործունեություն իրականացնող ավելի քան 50 հասարակական ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները։
ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանն ընդգծելով նմանօրինակ քննարկումների արդյունավետությունը սոցիալական աջակցության ոլորտի զարգացման գործում՝ նշել է․ «Կարծում ենք՝ համատեղ աշխատանքների իրականացմամբ, առավել արդյունավետ կդառնա սոցիալական աջակցության ոլորտում նախատեսվող բարեփոխումների իրականացումը։ Մենք կշարունակենք աջակցել այն ոլորտային ծրագրերի ու նախաձեռնությունների իրականացմանը, որոնք օրենսդրական կարգավորման անհրաժեշտություն ունեն»։
Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հանդիպման ընթացքում Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնին իր խոսքում կարևորել է սոցիալական աջակցության դերն՝ աղքատության նվազման և հաղթահարման գործում։ Վերջինիս խոսքով՝ պրոֆեսիոնալ սոցիալական աշխատողների օգնությամբ սոցիալական ծառայությունների հասանելիությունը և որակյալ մատուցումը հնարավորություն է տալիս ավելի ամբողջական արձագանքել ընտանիքների և երեխաների անհատական կարիքներին:
«Այս և նման այլ կարևոր հանգամանքներ հաշվի առնելով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ ու տարբեր փորձագետների ներգրավմամբ նախաձեռնեց «Սոցիալական աջակցության մասին» օրենքի համապարփակ վերանայումը: Եվ քանի որ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը նաև աջակցում է նախարարությանը «Երեխայի իրավունքների մասին» օրենքի և Ընտանեկան օրենսգրքի» վերանայման հարցում՝ լիահույս ենք, որ ընտանիքների և երեխաների համար առաջիկայում ևս կապահովվի անհրաժեշտ սոցիալական աջակցություն ու պաշտպանություն»,- իր խոսքում նշել է Սիլվիա Մեստրոնին։
Միջազգային հանրապետական ինստիտուտի ծրագրերի ավագ ղեկավար Արտակ Շաքարյանը ևս ընդգծել է սոցիալական աջակցության համակարգի դերը կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց կամ ընտանիքներին վաղ հայտնաբերելու, վերջիններիս կարիքները ճիշտ գնահատելու և բավարարելու, նրանց հմտություններն ու կարողությունները զարգացնելու գործում։ Նա նշել է, որ համակարգի արդյունավետ գործարկումը թույլ կտա տվյալ անձանց և ընտանիքներին վարել ինքնաբավ կենսակերպ կամ կանխարգելել կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու ռիսկը։
Երկու հանդիպումների ժամանակ անդրադառնալով «Սոցիալական աջակցության մասին» օրրենքի նոր խմբագրմանը և մյուս փոփոխությունների անհրաժեշտությանը՝ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը նշել է բարեփոխումների քաղաքական նպատակները․ «Այս օրենսդրական փոփոխություններով իրավական հիմքեր են ստեղծվում ձևավորելու նախաձեռնողական և արագ արձագանքող՝ ճկուն և դիմակայուն սոցիալական աջակցության ոլորտ, բարձրացնելու սոցիալական աջակցության ոլորտի կառավարման արդյունավետությունն ու ծառայությունների հասցեականությունը, ընդլայնելու սոցիալական ծառայությունները և դրանք տրամադրող դերակատարների տիպերը, ներդնելու սոցիալական աջակցության ոլորտի ծառայությունների որակի ստանդարտներ և դրանք վերահսկելու համակարգ, կայացնելու սոցիալական աշխատանքի ինստիտուտը»։
Օրենքների նախագծերի փաթեթը ընդունելուց հետո վերոնշյալ նպատակներին հասնելու համար մշակվելու են ավելի քան 40 ենթաօրենսդրական ակտ։
Քննարկումները կազմակերպվել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և Միջազգային հանրապետական ինստիտուտի աջակցությամբ։ Աջակցությունը տրամադրվում է ԱՄՆ ՄԶԳ-ի «Ընտրական գործընթացների և քաղաքական հաշվետվողականության ուժեղացում» ծրագրի միջոցով: