0
100

Ս/թ. նոյեմբերի 15-ին Երևանում կայացավ Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի վերաբերյալ սեմինար, որը կազմակերպել էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը` Եվրոպայի Խորհրդի Եվրոպական Սոցիալական Խարտիայի և Սոցիալական ապահովության եվրոպական օրենսգրքի վարչության հետ համատեղ:

Անդամակցելով Եվրոպայի Խորհրդին` Հայաստանի Հանրապետությունը 2001թ.-ին ստորագրել, իսկ 2004թ.-ին վավերացրել է Վերանայված եվրոպական սոցիալական խարտիան, որը սահմանում է մարդու սոցիալական և տնտեսական իրավունքները:

Վերանայված խարտիան ունի 31 հոդված` 98 պարագրաֆներով: Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է թվով 20 հոդվածների 67 պարագրաֆներ: Խարտիայով ստանձնած պարտավորությունների կատարման վերահսկողությունն իրականացնում է Սոցիալական իրավունքների եվրոպական հանձնաժողովը, որը յուրաքանչյուր տարի ազգային զեկույցների հիման վրա տալիս է իր եզրակացությունները` ազգային օրենսդրության և Խարտիայի դրույթների համապատասխանության վերաբերյալ:

Սեմինարին մասնակցում էին Եվրոպական Սոցիալական Խարտիայի և Սոցիալական ապահովության եվրոպական օրենսգրքի վարչության պետ Ռեժիս Բրիան, Եվրոպական Սոցիալական Խարտիայի և Սոցիալական ապահովության եվրոպական օրենսգրքի վարչության մասնագետ Նինո Կիտաշվիլին, Միջազգային իրավունքի պրոֆեսոր, Հելսինկիի համալսարանի  իրավունքի ֆակուլտետի հանրային իրավունքի ամբիոնի  ավագ դասախոս Յարնա Պետմանը, Վիեննայի  Լյուդվիգ Բոլցմանի անվան մարդու իրավունքների ինստիտուտի  թիմի  ղեկավար, ավագ իրավական գիտաշխատող Կարին Լուկասը, ինչպես նաև մասնակցում էին ՀՀ արտաքին գործերի, արդարադատության, առողջապահության, էկոնոմիկայի, կրթության և գիտության, տարածքային կառավարման նախարարություններից, ՀՀ ոստիկանությունից, ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայից, Հայաստանի գործատուների հանրապետական միությունից:

Բացման խոսքով հանդես եկան ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանը և Եվրոպական Սոցիալական Խարտիայի և Սոցիալական ապահովության եվրոպական օրենսգրքի վարչության պետ Ռեժիս Բրիան:

Քննարկվեցին Խարտիայի դրույթների և ՀՀ օրենսդրության միջև անհամապատասխանությունները:Արձանագրված անհամապատասխանություններն առնչվում էին տարբեր ոլորտներ կարգավորող ՀՀ օրենսդրությանը: Դրանք մանրամասն ներկայացվեցին Սոցիալական իրավունքի եվրոպական հանձնաժողովի անդամների կողմից` հետագա օրենսդրական փոփոխություններ կատարելու նպատակով:

Քննարկվեցին նաև սոցիալական իրավունքների Եվրոպական Հանձնաժողովի վերջին որոշումների որոշ օրինակներ և դրանց իրականացման հետ կապված հարցեր:

SHARE
Previous article
Next article