0
156

Ս/թ. նոյեմբերի 15-ին տեղի ունեցավ Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ՀՀ ԱՍՀ նախարար, հանձնաժողովի նախագահ Ա. Ասատրյանը:

Օրակարգում կար 5 հարց. 1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության համակարգի բարեփոխումների մասին, 2. “ՀՀ  հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին” օրենքի նախագծի վերաբերյալ, 3. “Եվրոպական արտադրության լսողական սարքերի ձեռքբերման համար պետական հավաստագրերի տրամադրման,  դրանց գնային արժեքի որոշման կարգը և պետական հավաստագրի ձևը հաստատելու մասին” ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ, 4.ՀՀ պետական գնումների միջոցով հաշմանդամություն ունեցող անձանց ձեռք բերվող սայլակների տեխնիկական բնութագրերի մասին, 5. Հաշմանդամություն ունեցող անձանց  իրավունքների պաշտպանության, նրանց խնդիրների իրազեկման միամսյակի հայտարարելու  վերաբերյալ:

“Օրակարգում ընդգրկվել են հարցեր, որոնք արդիական են և առաջիկա կարճ ժամանակահատվածում լուծումներ են պահանջում”,- նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցրեի նախարար Ա. Ասատրյանը

Օրակարգը հաստատելուց հետո առաջին հարցի մասին զեկուցեց ՀՀ ԱՍՀ նախարարի տեղակալ Ջ. Բաղդասարյանը: Նա տեղեկացրեց, որ նախարարության կողմից իրականացվել են ստուգումներ և խորը ուսումնասիրություններ ԲՍՓ գործակալության փորձաքննական բաժնում, Շիրակի թիվ 1 և թիվ 2 ԲՍՓՀ-ներում, Լոռու թիվ 1, թիվ 2 և թիվ 3 ԲՍՓՀ-ներում, Տավուշի ԲՍՓՀ-ում, ստուգումները շարունակվում են: Դրանց հետևանքով աշխատանքից ազատվել են բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետը, ինչպես նաև խախտումներ և չարաշահումներ տույլ տված մի շարք բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովների նախագահներ: Մասնավորապես` աշխատանքից ազատվել են հոգեբուժական,մանկական, Երևանի թիվ 2, Գեղարքունիքի թիվ 2, Լոռու թիվ 3 ԲՍՓ հանձնաժողովների նախագահները:  Իրականացվել են ԲՍՓ հանձնաժողովների սպասարկման տարածքների փոփոխություններ: Մշակվել և ՀՀ կառավարության հաստատմանն են ներկայացվել ներկայումս գործող` բժշկասոցիալական փորձաքննության գործընթացը կանոնակարգող  իրավական ակտերում լրացումներ և փոփոխություններ կատարելու վերաբերյալ իրավական ակտերի նախագծեր, որոնցով նախատեսվում է հստակեցնել բժշկասոցիալական փորձաքննության գործընթացի առանձին դրույթներ (բժշկական կազմակերպությունների կողմից ներկայացվող  փաստաթղթերի կարգի և ժամկետների սահմանում, բժշկական կազմակերպությունների հետ հետադարձ կապի ապահովում, բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովների նիստերի կազմակերպման ընթացակարգերի հստակեցում և այլն):

Մասնավորապես` նախատեսվում է, որ բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովների նիստերին առաջին անգամ իրականացվող փորձաքննությանը մասնակի ընտանեկան բժիշկը կամ բուժող բժիշկը` փորձաքննվող անձանց առողջական վիճակը ներկայացնելու նպատակով:

Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, փորձաքննվող անձի համաձայնության կամ ցանկության դեպքում, կարող են դիտորդի կարգավիճակով մասնակցել բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովների կողմից իրականացվող փորձաքննություններին: Մասնակցության կարգը սահմանելու է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը:

Նախատեսվում է ԲՍՓ հանձնաժողովների ընդունած որոշումների վերանայման նոր մեխանիզմ` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմում նախատեսվում է նոր`  բողոքարկման բաժնի ստեղծում, որը կիրականացնի  բժշկասոցիալական փորձաքննության բողոքարկված որոշումների  քննարկում:

Նախագծով նախատեսվում է վերանայել գործակալության կառուծվածքը, ինչը կապահովի բժշկասոցիալական փորձաքննության աշխատանքների հստակ կազմակերպումը և վերահսկողության ապահովումը:

  1. Երկրորդ` “ՀՀ  հաշմանդամություն ունեցող  անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին” օրենքի նախագծի վերաբերյալ հարցը ներկայացրեց հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի

վարչության պետ Ա.Կեսոյանը: Նա շեշտեց, որ նախագիծը քննարկվել է շահագրգիռ պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների հետ, առաջարկությունների մեծ մասն ընդունվել է:

  1. “Եվրոպական արտադրության լսողական սարքերի ձեռքբերման համար պետական հավաստագրերի տրամադրման, դրանց գնային արժեքի որոշման կարգը և պետական հավաստագրի ձևը հաստատելու մասին” ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրեց հաշմանդամների հիմնահարցերի և հավասար  հնարավորությունների ապահովման բաժնի պետ Կ.Պետրոսյանը: Նախատեսվում է լսողական սարքերի ձեռքբերման նոր եղանակ, ինչը հնարավորություն կտա լսողության խնդիր ունեցող անձին` ունենալ իր անհատական կարիքներին առավելագույնս հարմար սարք: Ինչ վերաբերում է ՀՀ պետական գնումների միջոցով հաշմանդամություն ունեցող անձանց համար ձեռք բերվող սայլակների տեխնիկական բնութագրերին, ապա դրանց տեսակները 6-ից դարձել են 9-ը: Հանձնաժողովի անդամներն առաջարկեցին ցանկում ընդգրկել նաև ակտիվ սայլակները (ավելի հարմար են դրսում օգտագործելու համար), ուշադրություն դարձնել գնվող սայլակների որակական հատկանիշներին, ինչպես նաև պետական մակարդակով համակարգել ՀՀ տարբեր խողովակներով ներկրվող սայլակների տրամադրման հարցը:

Ազգային հանձնաժողովը հաստատեց օրակարգի վերջին` Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, նրանց խնդիրների իրազեկման միամսյակի ժամանակացույցը:

Նիստի ընթացքում բարձրացված բոլոր հարցերն ու առաջարկությունները հանձնաժողովի նախագահի հանձնարարականով լրացուցիչ կքննարկվեն:

SHARE
Previous article
Next article