Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանի նախագահությանբ և Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի համանախագահությամբ՝ Կանանց նկատմամբ խտրականության վերացման հարցերով ՄԱԿ-ի կոմիտեի 83-րդ նստաշրջանի ընթացքում տեղի է ունեցել «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիայի (CEDAW) իրականացման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 7-րդ զեկույցի քննարկումը:
Կոմիտեի հետ երկխոսության ընթացքում Հայաստանը վերահաստատել է կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների իրականացումն ապահովելու իր հանձնառությունը։ Հայաստանի զեկույցի քննարկումը տեղի է ունեցել հեռավար եղանակով:
ՀՀ պատվիրակության ներկայացուցիչները պատասխանել են կոմիտեի կողմից բարձրացված մի շարք հարցադրումներին, այդ թվում՝ քաղաքական և հասարակական կյանքում կանանց դերի բարձրացման, կրթության, զբաղվածության, առողջապահության, տնտեսական, սոցիալական բնագավառներում կանանց հավասարության, առաջխաղացման և իրավունքների ապահովման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի վերաբերյալ:
Երկխոսության ընթացքում պատվիրակության անդամները կոմիտեի ուշադրությունը հրավիրել են Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի արդյունքում ստեղծված հումանիտար ճգնաժամի, հասարակության առավել խոցելի խմբերի վրա դրա ազդեցության, ինչպես նաև կանանց նկատմամբ ադրբեջանցի զինծառայողների կողմից իրականացված ծանր հանցագործությունների վրա: