Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը և Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը նախարարությունում ընդունել են արցախյան պատերազմից տուժած արցախցի մի խումբ երեխաների, որոնց հնարավորություն է տրվել բժշկական վերականգնողական ծառայություններ ստանալ Սլովենիայի Կարմիր Խաչի Առողջության և երիտասարդության հանգստավայրում՝ Դեբելի Ռտիչում։
Սլովենիայի Հանրապետության կողմից իրականացվող՝ «Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտությունից տուժած երեխաների հոգեբանական-սոցիալական վերականգնում» ծրագրում ընդգրկված երեխաները կստանան տարբեր թերապիաներ, ներառյալ՝ հիդրոթերապիա, շնչառական ֆիզիոթերապիա, դիմադրողականությունն ամրապնդող վարժություններ, կմասնակցեն կրթական և սոցիալական միջոցառումների:
Երեխաների հետ զրույցի ընթացքում նախարարն ու մարզպետը խոսել են վերջիններիս նախասիրությունների, հետաքրքրությունների և ծրագրի շրջանակում ակնկալիքների մասին։
Ծրագիրն իրականացվում է «Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտությունից տուժած երեխաների հոգեբանական-սոցիալական վերականգնում» ծրագրի շրջանակում՝ ԵԱՀԿ-ում Ավստրիայի մշտական ներկայացուցչության համաֆինանսավորմամբ։