ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակը՝ ISTC հիմնադրամի հետ համատեղ, Վայոց Ձորի, Կոտայքի, Սյունիքի, Գեղարքունիքի, Տավուշի և այլ մարզերում կիրականացնի ձեռնարկատիրության զարգացմանն ուղղված նոր նախաձեռնություն։
6-շաբաթյա Pre-accelerator ծրագիրը կօգնի մշակել սեփական բիզնես գաղափարները և կուղղորդի դրանց հաջողակ մեկնարկին՝ անդրադառնալով բիզնեսի ձևավորման ու տեխնոլոգիաների կիրառման տարաբնույթ թեմաներին և գործիքներին։
Pre-Accelerator-ի բաղկացուցիչներն են՝
• բիզնես ուղղվածություն՝ գաղափարի ամրապնդումից մինչև ներդրումների ներգրավում, վաճառքի ուղղություններից մինչև իրավաբանական մոդելներ,
• տեխնոլոգիական ուղղվածություն՝ 0-code օնլայն վաճառքի կայքերի պատրաստում, թվայնացում, ավտոմատացում, ղեկավարման համակարգերի ներդրում և այլ գործիքների ուսումնասիրում,
• մենթորների հետ հանդիպումներ՝ շաբաթական հանդիպումներ բիզնես խորհրդատուների հետ, որոնցից յուրաքանչյուրն ունի համապատասխան գաղափարի ոլորտում երկարամյա փորձ,
• առաջին բուժօգնություն։
Ծրագրի ընթացքում լավագույն արդյունք ցուցաբերած թիմերը/մասնակիցները հնարավորություն կունենան օգտվելու աջակցության հետևյալ գործիքներից որևէ մեկից՝
• բիզնեսը ներկայացում պոտենցիալ ներդրողներին,
• բիզնեսի զարգացման խորհրդատվական ծառայություններ,
• արտադրանքը կամ ծառայությունը ներկայացնող պրոֆեսիոնալ տեսա-լուսանկարային նյութերի ստեղծում,
• բրենդի (լոգոտիպի) վերանայում,
• թվային մարքեթինգի ծառայություններ և այլն։
Առաջնահերթություն կտրվի՝
• կանանց, ովքեր ունեն բիզնես գաղափար կամ արդեն իսկ առավելագույնը մեկ տարի գործող բիզնես,
• Վայոց Ձորի, Սյունիքի, Գեղարքունիքի, Տավուշի, Կոտայքի մարզերի երիտասարդներին։
Գրանցվել հնարավոր է մինչև հոկտեմբերի 18-ը։
Գաղափար/գործող բիզնես ունեցող կանայք կարող են գրանցվել հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3EHLsjG
Երիտասարդները կարող են գրանցվել հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3S78UK6
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ֆինանսավորվող «Աքսելերատոր#5. կանանց տնտեսական զորացման ազգային հարթակ» և Ռուսաստանի Դաշնության կողմից ֆինանսավորվող «Հայաստանի մարզերում երիտասարդության համար զբաղվածության և եկամուտ ստեղծող հնարավորությունների բացահայտում» ծրագրերն իրականացվում են ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի կողմից: