Դեկտեմբերի 3-ը հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է, որի խորհուրդը հաշմանդամության խնդիրները Երկիր մոլորակի բնակիչներին մեկ անգամ ևս ներկայացնելը և այդ խնդիրների լուծման գործում բոլորի մասնակցությունն ակնկալելն է: Այս առիթով <<Արամ Խաչատրյան>> մեծ համերգասրահում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված <<Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին>> ՄԱԿ-ի կոնվենցիային նվիրված հանդիսավոր միջոցառում, որի խորագիրն էր <<Միանանք հանուն հավասար հնարավորությունների>>:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, Հայաստանի Հանրապետության օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, գործատուներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Կոնվենցիան ՄԱԿ-ի կողմից ընդունվել է 2006թ. դեկտեմբերի 13-ին, իսկ Հայաստանն այն ստորագրել է Նյու Յորքում` 2007թ. մարտի 30-ին` ստորագրելու համար բացվելու հենց առաջին օրը: Կոնվենցիայի ստորագրման արարողությանը մեր պետության կողմից մասնակցել է Անի Հովհաննիսյանը: Հայաստանը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան վավերացրել է 2010թ. մայիսի 17-ին և այն ուժի մեջ դրել հոկտեմբերի 22-ին:
Կոնվենցիայում տեղ գտած իրավունքները նոր չեն, դրանք մարդու նույն իրավունքներն են` ամրագրված մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում, երեխաների իրավունքների մասին կոնվենցիայում և այլ կարևոր միջազգային փաստաթղթերում: Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոնվենցիան երաշխավորում է, որ այդ իրավունքները հարգվեն հաշմանդամություն ունեցող անձանց պարագայում:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, ՀՀ հաշմանադմություն ունեցող անձանց հիմնախնդիրներով զբաղվող ազգային հանձնաժողովի նախագահ Արթուր Գրիգորյանը իր ողջույնի խոսքում նշեց, որ աշխարհի առաջադեմ երկրները հիմնականում լուծել են հաշմանդամ մարդկանց` հասարակություն ներառելու, բոլորի համար հավասար պայմաններ ապահովելու խնդիրը:
<<Մեր երկիրը ևս ձեռնամուխ է եղել այդ դժվարին, ժամանակ և միջոցներ պահանջող խնդրի լուծմանը: ՀՀ կառավարության, պետական գերատեսչությունների և հաշմանդամության խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների համագործակցության արդյունքում փոխվում է օրենսդրությունը, միջավայրն աստիճանաբար հարմարեցվում է հատուկ կարիքներ ունեցողների համար: Աշխատանքներ են տարվում հասարակության իրազեկվածության բարձրացման և համապատասխան վերաբերմունքի ձևավորման ուղղությամբ: Քայլեր, որոնց նպատակն է հնարավորություն ընձեռել հաշմանդամ մարդուն` լիարժեք ապրելու, երկրի հասարակական, քաղաքական, մշակութային կյանքին մասնակցելու>>,-իր խոսքում նշեց Ա. Գրիգորյանը: Նախարարն` առավել կարևորելով զբաղվածության խնդիրը, կոչ արեց մեր երկրի բոլոր գործատուներին` քայլեր ձեռնարկել հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքով ապահովելու ուղղությամբ, լինել առավել ուշադիր և հոգատար նրանց նկատմամբ:
Միջոցառման ընթացքում հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների լուծման գործում մեծ ներդրում ունենալու համար ՀՀ Վարչապետի հուշամեդալով պարգևատրվեց <<ՎիվաՍել-ՄՏՍ>> ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը` հաշմանդամների զբաղվածության խնդրի լուծմանն ակտիվորեն աջակցելու և հաշմանդամություն ունեցող անձանց մեր երկրի մշակութային իրադարձություններին հաղորդակից դարձնելու համար:
Վարչապետի հուշամեդալով պարգևատրվեցին նաև ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Նորիկ Ղուկասյանը` ներառական կրթության ներդրման գործում կատարած մեծ աշխատանքի համար, <<Արաբկիր>> բուժվերականգնողական կենտրոնի վիրաբույժ Կարեն Քոլոյանը` մանկական օրթոպեդիայի զարգացման և վերականգնողական ծառայություններ մատուցելու համար, ինչպես նաև` <<Նարեկացի>> արվեստի միության տնօրեն Նարեկ Հարությունյանը` Հայաստանում և Արցախում մատչելի և հարմարեցված մշակութային օջախներ ստեղծելու համար:
Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրներին լավագույնս անդրադառնալու համար ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից 2010թ. լավագույն լրատվամիջոց է ճանաչվել Հանրային ռադիոն:
Միջոցառմանը ելույթ ունեցան հայկական երգարվեստի ներկայացուցիչներ, այդ թվում նաև հաշմանդամություն ունեցող անձինք: