Դեկտեմբերի 3-ին “Էրեբունի պլազա” հյուրանոցի “Արգիշտի” սրահում տեղի ունեցավ “Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրումը” թեմայով աշխատանքային քննարկումը, որին մասնակցում էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Գրիգորյանը, նախարարի տեղակալներ Ա. Պետրոսյանը, Ֆ. Բերիկյանը, Ջ. Բաղդասարյանը, ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վ. Տերտերյանը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լ. Մոշիրին, EducAid իտալական կազմակերպության փորձագետներ, նախարարության աշխատակիցներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Գրիգորյանը ողջունելով մասնակիցներին` շնորհակալություն հայտնեց խնդրի շուրջ ցուցաբերած մտահոգության, կատարած աշխատանքի վերաբերյալ:
<Համոզված եմ, որ մեր համակարգի աշխատակիցների նպատակասլացության ու եռանդի շնորհիվ այս բարեփոխումն իրականացնելու ընթացքում ի հյատ եկած խնդիրները կլուծվեն պրոֆեսիոնալ մոտեցման, աշխատասիրության և հոգատարության դեպքում: Նախարարությունն այս խնդրի շուրջ միակարծիք է և ցուցաբերած շահագրգռվածությունն ու կամքը, անշուշտ, կբերեն հաջողության>,- նշեց իր խոսքում նախարարը:
Ներկայացված թեմայի շուրջ ելույթով հանդես եկան նաև նախարարի տեղակալները, իտալական կազմակերպության փորձագետները, այլ մասնակիցներ և ներկայացրեցին իրենց առաջարկություններն ու դիտարկումները:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ-ում ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման միասնական համակարգի ներդրման գործընթացը, Իտալիայում գործող մոդելի վերաբերյալ ձեռք բերված փորձը, ՀՀ-ում ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման միասնական համակարգի կառուցվածքագործառութային մոդելի ներդրման փորձնական ծրագրի տեխնիկական առաջադրանքը:
Ի դեպ` սոցիալական պաշտպանության ոլորտում ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման համակարգի ներդրումը ՀՀ կառավարության 2008-2012թթ. գործունեության ծրագրի` սոցիալական պաշտպանության քաղաքականության հիմնական ուղղություններից մեկն է: Համակարգի ներդրումն ապահովելու համար 2010թ. հունիսին ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման գործընթացի կազմակերպման հայեցակարգը:
Հանրապետությունում տրամադրվող սոցիալական ծառայությունների (խորհրդատվական, իրավաբանական, վերականգնողական, դրամական, բնաիրային օգնության, ժամանակավոր օթևանի տրամադրում, խնամքի կազմակերպում և այլն) մեջ ներկայումս առավել մեծ տեսակարար կշիռ ունի դրամական օգնության` տարաբնույթ նպաստների (պետական նպաստներ, գործազրկության նպաստ, ժամանակավոր անաշխատունակության նպաստներ և այլն) և կենսաթոշակների վճարումները:
Սոցիալական ծառայությունների տրամադրումը նախևառաջ ենթադրում է սոցիալական աշխատողների մասնագիտական գործունեություն: Սակայն, Հայաստանի Հանրապետության սոցիալական ծառայությունների տրամադրման համակարգը դեռևս գտնվում է անցումային փուլում և սոցիալական ծառայությունների տրամադրումը հիմնականում իրականացվում է փաստաթղթերի հետ աշխատանք կատարելու շրջանակներում, որի պարագայում երկրորդական է դիտարկվում քաղաքացու (ընտանիքի) իրական կարիքների վերհանումն ու անհատական սոցիալական ծրագրի մշակման ու իրականացման միջոցով (սոցիալական դեպքի վարում) այդ կարիքների հնարավորինս ամբողջական բավարարումը:
Հայեցակարգը նախատեսում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց` իրենց կարիքներին համարժեք, իրենց վիճակի բարելավման նպատակով ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրում, որի հիմքում առավելապես դրվելու է սոցիալական աշխատող-հաճախորդ անմիջական շփումը, համատեղ որոշումների կայացումը, հաճախորդի ինքնօգնության հմտությունների զարգացումը և այլն: Իսկ դրամական օգնության տրամադրումը հնարավորինս իրականացնել ինքնաշխատ եղանակով` նվազեցնելով շփումը սոցիալական աշխատողի և քաղաքացու միջև` դրանով իսկ կրճատելով կոռուպցիոն ռիսկերը:
Սոցիալական ծառայությունների տրամադրման մատչելության և որակի բարձրացումն ապահովվելու է սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների համագործակցված, փոխլրացնող, հաճախորդի խնդիրների լուծմանը միտված, գործունեությամբ` էական դերակատարում տալով նաև հասարակական կազմակերպություններին, որոնք համագործակցելով պետական կառավարման, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ` գործուն մասնակցություն կունենան սոցիալական պաշտպանության ոլորտում համապատասխան որոշումների կայացման գործում:
Քաղաքացիների սոցիալական պաշտպանության տարբեր իրավունքների իրացման համար ձևավորվող տեղեկատվական համակարգերը ևս պետք է ինտեգրված լինեն, որի շնորհիվ իրավունքի ճանաչման հարցում տեղեկատվության հավաքագրումը կլինի արդյունավետ, առավելագույնս հավաստի և օբյեկտիվ:
Այդ տվյալներն օգտագործվելու են նախևառաջ հաճախորդի սոցիալ-վերականգնողական անհատական ծրագիրը կազմելու և իրականացնելու համար:
Համակարգի ներդրման յուրաքանչյուր քայլը փորձարկվելու է և փորձնական ծրագրի արդյունքների հաշվառմամբ համակարգն ամբողջ հանրապետությունում ներդրվելու է աստիճանաբար, հաշվի առնելով շահագրգիռ բոլոր կողմերի առաջարկությունները:
Այս աշխատանքներում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը համագործակցում է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի, համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի և այլ միջազգային կառույցների հետ: