Համաժողով Հայաստանում

0
89

“Ներդաշնակ հասարակություն” սոցիալական աշխատողների ասոցիացիան` ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի հետ համագործակցությամբ ս/թ նոյեմբերի 5-ին Մոսկվայի տանը կազմակերպել էր սոցիալական աշխատողների մասնագիտական օրվան նվիրված համաժողով “Սոցիալական աշխատանքի տեսությունը, կրթությունը և պրակտիկան արդի բարեփոխումների համատեքստում” թեմայով, որի նպատակն էր  քննարկման առարկա դարձնել սոցիալական աշխատանքին վերաբերող արդիական խնդիրները:

Համաժողովին հրավիրված էր շուրջ 200 մասնակից, այդ թվում` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Ասատրյանը, Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հ. Հակոբյանը, պատգամավորներ, գիտության և կրթության ոլորտների ներկայացուցիչներ, պրակտիկ սոցիալական աշխատողներ:

“2009 թվականից նոյեմբերի 4-ը մեր երկրում նշվում է որպես սոցիալական աշխատողների մասնագիտական տոն: Հատկանշական է, որ Հայաստանի առաջին Հանրապետության խնամատարության նախարարությունը ստեղծվել է 1918թ. նոյեմբերի 4-ին` սկիզբ դնելով դժվարին իրավիճակներում հայտնված մարդկանց սոցիալական ծառայություններ մատուցելու պետական քաղաքականությանը: Այսօր, անցնելով անցումային շրջանին հատուկ հատվածական ծառայությունների փուլը` հիմք ենք դնում համալիր սոցիալական ծառայությունների: Այս գործընթացում ամենակարևոր դերը սոցիալական աշխատողինն է, իսկ այդ ինստիտուտի կայացումը մեր պետական քաղաքականության առաջնահերթություններից մեկն է: Շնորհավորում եմ մեր բոլոր գործընկերներին և ցանկանում համատեղ ուժերով ձևավորել մի համակարգ, որի կենտրոնում մարդն է”,- ողջունելով համաժողովի մասնակիցներին` նշեց պարոն Ասատրյանը:

Համաժողովի ընթացքում քննարկման առարկա դարձան արդիական այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են` ներկայիս բարեփոխումներով պայմանավորված սոցիալական աշխատանքի մասնագետներին առաջադրվող նոր պահանջներին կրթական և պրակտիկ դաշտը համապատասխանեցնելու հարցը, սոցիալական աշխատողների կարգավիճակի, մանդատի, աստճիանակարգման, վարկանիշի, գործունեությունը կարգավորող էթիկական կոդեքսի առկայությունը և մի շարք այլ խնդիրներ:

Համաժողովի շրջանակներում կազմակերպվել էր նաև “Սոցիալական ծառայությունների ցուցահանդես”, որը հնարավորություն տվեց ՀՀ-ում գործող շուրջ 30 սոցիալական ծառայություններին` ներկայացնելու իրենց գործունեությունը` տեղեկատվական թերթիկների, ազդագրերի, տպագրված գրականության և այլ նյութերի միջոցով:

Համաժողովի աշխատանքները կշարունակվեն նաև նոյեմբերի 6-ին:

SHARE
Previous article
Next article