ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աջակցությամբ ս/թ. նոյեմբերի 13-ին “Անի Պլազա” հյուրանոցի “Անի” սրահում կազմակերպել էր “Ընտանեկան բռնության մասին” ՀՀ օրենքի նախագծի հանրային լսումներ:
Միջոցառմանը մասնակցում էին շահագրգիռ գերատեսչությունների, տարածքային կառավարման մարմինների, հասարակական և միջազգային կամակերպությունների ներկայացուցիչներ:
Միջոցառման նպատակն էր` հանրությանը ներկայացնել “Ընտանեկան բռնության մասին” ՀՀ օրենքի նախագծի լրամշակված տարբերակը, ինչպես նաև “Ոստիկանության մասին” ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին”, “Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին”, “ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին”, “ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն ու լրացումներ կատարելու մասին” և “ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին” ՀՀ օրենքների նախագծերը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ֆ. Բերիկյանը ներկայացրեց նոր օրենքի ստեղծման անհրաժեշտությունը, մշակման փուլերը, ընտանեկան բռնության դեմ պայքարի անհրաժեշտությունը: Օրենքի դրույթները ներկայացվեցին ներկաներին, ծավալվեց շահագրգիռ քննարկում: Մինչև նոր օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը քննարկման ընթացքում հնչած առաջարկությունները գրավոր կներկայացվեն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն: