Կայացել է «Արհեստական բանականությունը սոցիալական պաշտպանության ոլորտում» հետազոտական նախագծի շնորհանդեսը

0
92

Այսօր տեղի է ունեցել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Ասիական զարգացման բանկի և «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնի կողմից համատեղ իրականացված «Արհեստական բանականությունը սոցիալական պաշտպանության ոլորտում» հետազոտական նախագծի շնորհանդեսը։ Միջոցառմանը մասնակցել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատին, «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Անահիտ Պարզյանը և այլք։

Շնորհանդեսի ընթացքում ներկայացվել են հետազոտական նախագծի իրականացման կարևորությանն ու արդիականությանն առնչվող մի շարք հարցեր։

Նախարար Նարեկ Մկրտչյանն իր ողջույնի խոսքում ընդգծել է սոցիալական պաշտպանության ոլորտում արհեստական բանականության գործիքների կիրառման կարևորությունը․

«Կարծում եմ՝ հետազոտությունը կօգնի էլ ավելի մեծացնել և ներգրավվել արհեստական բանականության գործիքները սոցիալական պաշտպանության քաղաքականության մշակման գործում։ Այն նաև թույլ կտա կարիքների գնահատման ավելի արդյունավետ և թիրախային որոշումներ կայացնել, ունենալ տվյալներ, որոնք հնարավորություն կտան հասկանալու, թե ինչպիսի խնդիրներ ու մարտահրավերներ ունենք և դրանց կարգավորման ինչ հնարավորություններ կան»։ 

Անդրադառնալով Ասիական զարգացման բանկի գործունեությանը՝ Պաոլո Սպանտիգատին նշել է, որ 2013 թվականից Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվում են մի շարք ծրագրեր՝ ուղղված աղքատության վերացմանն, ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը և այլն։ Վերջինիս խոսքով՝ Ասիական զարգացման բանկի համար սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցությունը բավականին նոր է, և իրենք մեծ պատրաստակամությամբ հանձն են առել աջակցել ծրագրի իրականացմանը․

«Շատ ոգևորիչ էր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից համագործակցության նման առաջարկ ստանալը։ Կարծում եմ՝ նոր գործիքների կիրառմամբ մենք կկարողանանք առավել երկարաժամկետ և հիմնարար լուծումներ գտնել խոցելի խմբերին աջակցելու համար»։

Միջոցառմանը տեսաուղերձով հանդես է եկել նաև Ասիական զարգացման բանկի Սոցիալական զարգացման թեմատիկ խմբի ղեկավար Վենդի Ուոքերը։ Ընդգծելով թվային նորարարությունների կիրառման կարևորությունը սոցիալական պաշտպանության համակարգի ամրապնդման և դիմակայունության զարգացման գործում, վերջինս նշել է, որ այս տեսանկյունից Հայաստանի Հանրապետությունը առաջամարտիկներից մեկն է․

«Շատ ուրախ ենք, որ մեր տեխնիկական աջակցության միջոցով, կարողացանք աջակցել Հայաստանում արհեստական բանականության կիրառմամբ իրականացվող այս նախագծին։ Լիահույս ենք, որ այն փոխելու է համակարգերի հնարավորությունները և դառնալու է սոցիալական պաշտպանության ոլորտում թվային նորարարության օգտագործման կարևոր դեպքերից մեկը»։

«Նորք» տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Անահիտ Պարզյանը ևս ընդգծել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի հետ արդյունավետ համագործակցության կարևորությունը և նշել, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի նպաստել թվային ծառայությունների որակը բարելավմանը:

«Պետության կողմից ավելացող թվային ծառայությունների հիմքում կարևոր է ունենալ տվյալահեն որոշումների կայացման նորարարական մեխանիզմներ, այս հետազոտական նախագիծը հենց այդ խնդիրների լուծման համար է, որի նպատակը նաև կանխատեսող իրավիճակային լուծումներն են, որոնք կնպաստեն ավելի ճշգրիտ որոծումների կայացմանը»,- նշել է Ա․ Պարզյանը։   

Միջոցառման շրջանակում նախարար Նարեկ Մկրտչյանն Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատիին հանձնել է շնորհակալագիր՝ արդյունավետ համագործակցության համար։

Նախագծի շրջանակում փորձարկվել է արհեստական բանականության, մեքենայական ուսուցման կիրառելիությունը կարիքի գնահատման մեխանիզմների վրա, վերլուծվել են զբաղվածության ծրագրերի արդյունավետությունը, իրականացվել են վերլուծական մոդելավորումներ տվյալահեն քաղաքականությունների մշակման համար, ստեղծվել են խոցելի խմբերի նոր կլաստերներ։