Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու «ՄԱԿ- Կանայք» կազմակերպության նախաձեռնությամբ՝ տեղի է ունեցել Կանանց տնտեսական հզորացմանը նվիրված համաժողով։
Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, «ՄԱԿ- Կանայք»-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի մասնագետ Նարգիս Ազիզովան, Շվեյցարիայի զարգացման համագործակցության ազգային ծրագրի ավագ պատասխանատու Արթուր Փոքրիկյանը և Ավստրիայի զարգացման գործակալության երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Նորա Ալանակյանը:
Անդրադառնալով հասարակական-քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում կանանց ակտիվ ներգրավվածության, որոշումների կայացման գործընթացում նրանց հավասար մասնակցության ու գենդերային հավասարության խթանման ապահովմանը՝ նախարար Նարեկ Մկրտչյանը նշել է, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն այդ ուղղությամբ շարունակում է իրականացնել անհրաժեշտ աշխատանքներ։
«Բարձր ենք գնահատում աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում ՄԱԿ-ի հետ համագործակցությունը, մասնավորապես՝ Կանանց աքսելերատոր ծրագրի դերը՝ ձեռներեցությունը խթանելու, միջին և փոքր բիզնեսներին աջակցելու տեսանկյունից։ Այն իրականացվում է հանրապետության մի շարք մարզերում և միտված է խթանելու կանանց ձեռնարկատիրությունն ու զբաղվածությունը տնտեսական բարձր արտադրողականություն ունեցող ոլորտներում՝ էկոհամակարգի մակարդակում նորարար աջակցության մեխանիզմների շնորհիվ»,- նշել է նախարարը։
Միջոցառման շուրջ 100 մասնակիցներ ներկայացրել են «ՄԱԿ- Կանայք» կազմակերպության կողմից և վերջիններիս հետ համագործակցությամբ իրականացված մի շարք կարևոր հետազոտություններ: Ուսումնասիրությունների շրջանակում քաղաքականություն մշակողներին և պրակտիկ աշխատողներին տրամադրվել է անհրաժեշտ տեղեկատվություն՝ աշխատող կանանց հղիության, հետծննդաբերական շրջանի, կերակրող կանանց առողջության ու անվտանգության, սոցիալական պաշտպանության և այլնի վերաբերյալ։ Ներկայացվել են նաև «ՄԱԿ- Կանայք»-ի զեկույցները՝ մշակված գործընկերներ Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստանի (ՀՌԿԿ-Հայաստան/CRRC-Armenia) և Մարդու իրավունքների հետազոտական կենտրոն ՀԿ-ի հետ, ինչպես նաև ՄԱԿ-ի Կանանց և ԱՄԿ-ի միջազգային փորձագետների ներկայացուցիչների կողմից:
«Կանանց տնտեսական հզորացում Հարավային Կովկասում – Փուլ II» (WEESC) ծրագրի գործընկեր Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից ներկայացվել է զուգահեռ նիստերի շարք՝ քննարկելով բիզնեսում և կյանքում կանանց ներգրավվածության ու դերի, ինչպես նաև աշխատավայրում գենդերային անհավասարությունների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ: Նիստերը սկսվել են էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գևորգյանի և ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի ելույթներով։
Համաժողովը կազմակերպվել է «Կանանց տնտեսական հզորացում Հարավային Կովկասում – Փուլ II» (WEESC) ծրագրի շրջանակում՝ Շվեյցարիայի զարգացման համագործակցության և Ավստրիական զարգացման համագործակցության աջակցությամբ։ Համաժողովի իրականացումը նպատակ է ունեցել քաղաքական երկխոսության և համագործակցության կարևոր հարթակ դառնալ շահագրգիռ կողմերի միջև՝ Հայաստանում կանանց տնտեսական հզորացման նպատակով: