Հարգելի բարեկամներ
2009 թվականից Հայաստանի Հանրապետությունում նոյեմբերի 4-ը նշվում է որպես սոցիալական աշխատողի օր:
Սոցիալական աշխատողի գործունեության նպատակը մեկն է` օգնել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մարդուն, ընտանիքին, աջակցել նրան` լուծելու իր խնդիրները:
Հայաստանի առաջին Հանրապետությունն իր ստեղծման պահից բախվեց սուր սոցիալական խնդիրների` աղքատություն, սով, փախստականներ ու որբեր: Իրավիճակը շտկելու նպատակով 1918թ. նոյեմբերի 4-ին Հայաստանի առաջին Հանրապետության կոալիցիոն կառավարությունը ձևավորեց հանրային խնամատարության նախարարությունը, որով և դրվեց բնակչության սոցիալական պաշտպանության պետական քաղաքականության հիմքը:
Որպես աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար անչափ կարևորում եմ սոցիալական աշխատողի ինստիտուտի կայացումը: Սոցիալական աշխատանքը մարտահրավերների և փոփոխությունների ոլորտ է, հույսի մասնագիտություն, սոցիալական աշխատողը սովորեցնում է մարդկանց հավատալ, որ կյանքը կարող է ավելի լավը լինել:
Այսօր սոցիալական պաշտպանության ոլորտի քաղաքականության առանցքային ուղղություններից մեկը ինտեգրված սոցիալական ծառայությունների ներդրումն ու կայացումն է: Այն, մի կողմից, կնպաստի գնահատել դժվարին իրավիճակներում հայտնված մարդկանց, ընտանիքների կարիքները, համակողմանի լուծել խնդիրները, մյուս կողմից` ունենալ մարդկային բարձր որակներով ու մասնագիտական հմտություններով օժտված սոցիալական աշխատողներ մեր երկրում:
Հարգելի գործընկերներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ, ցանկանում, որպեսզի բարությունը, հույսն ու լավատեսությունը լինեն ձեր պատվաբեր ու դժվարին աշխատանքի մշտական ուղեկիցները:
Ա. Ասատրյան
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար