ԱԺ-ում ներկայացվել է ԱՍՀՆ կողմից սոցիալական պաշտպանության ոլորտում 2023 թվականին իրականացվող ծրագրերի բյուջեն

0
74

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացրել է նախարարության կողմից սոցիալական պաշտպանության ոլորտում 2023 թվականին իրականացվող ծրագրերի բյուջեն:

Եթե 2022 թ. պետական բյուջեով ԱՍՀՆ կողմից իրականացվելիք ծախսերը հաստատվել էին 579,8 մլրդ դրամի չափով, ապա 2023 թ. համար հաստատվել է 648,5 մլրդ դրամ, այսինքն՝ 68,7 մլրդ դրամով կամ 11,9 %-ով ավելի։

Ըստ այդմ՝ 2023 թվականին նախատեսվում է վերանայել կենսաթոշակի չափը հաշվարկելու բանաձևը։ Մասնավորապես՝ խնդիր է դրվել միասնականացնել աշխատանքային ստաժի 1 տարվա արժեքը, որը ներկայումս տարբերակված է մինչև 10 տարվա և 10 տարուց ավելի ստաժի համար։ Կվերանայվի նաև «նվազագույն կենսաթոշակ» եզրույթը և  կենսաթոշակի նվազագույն չափի համար թիրախային ցուցանիշները կդիտարկվեն հիմնական  կենսաթոշակի համար։ Բանաձևի փոփոխությունը թույլ կտա պարենային զամբյուղի արժեքից ցածր ստացող կենսաթոշակների կենսաթոշակը ավելի արագ բարձրացնել և հասցնել պարենային զամբյուղի արժեքին ավելի շուտ, քան 2026 թվականը, ինչը նախատեսվել է Կառավարության 2021-2026թթ. ծրագրով։

2023 թվականի հուլիսից պլանավորվում է բարձրացնել կենսաթոշակները՝ հաշվարկային (նվազագույն) դրույք սահմանելով 36,000 դրամը՝ ներկայիս 31,600-ի դիմաց (աճը՝ շուրջ 14%)։ Նախատեսվում է նաև կենսաթոշակային քաղաքականության ռեֆորմի շրջանակում ներդնել նոր գաղափար, ըստ որի՝ կենսաթոշակային տարիք մուտք գործող այն քաղաքացիները, ովքեր ունեն կայուն բավարար եկամուտ կամ կենսապահովվածություն, կամավորության սկզբունքով կկարողանան 1, 2 կամ ավել տարի ժամկետով կենսաթոշակ չստանալու դիմաց հետագայում ցմահ ստանան ավելի բարձր կենսաթոշակ, քան նախատեսված է օրենքով՝ «յուրաքանչյուր տարվա դիմաց որոշակի տոկոսային հավելման դիմաց» սկզբունքով։ Սա հնարավորություն կտա հատկապես միջինից բարձր աշխատավարձ ստացող կենսաթոշակառուներին պլանավորել իրենց ծերությունը ավելի բարենպաստ պայմաններով (ներկայումս շուրջ 32,000 կենսաթոշակառու ստանում է ամսական 150,000-ից բարձր աշխատավարձ, իսկ ավելի քան 9,000 կենսաթոշակառու ամսական ստանում է 300,000-ից բարձր աշխատավարձ)։

2023 թվականին պլանավորվում է շարունակել «Անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության միջոցառումը», ինչը դրական ցուցանիշներ է արձանագրում, և մեկնարկի պահից յուրաքանչյուր ամիս աճում է կենսաթոշակային քարտերով թե՛ անկանխիկ շրջանառությունը, թե՛ շահառուների թիվը, թե՛ հետվճարի ծավալները, ինչպես նաև մեկ շահառուին ընկնող միջին ամսական հետվճարի չափը։ Սա վկայում է ծրագրի արդյունավետության և հանրության կողմից դրա նկատմամբ վստահության բարձրացման մասին։

 Ամբողջացնելով վերոնշյալն՝ այսպիսով՝ «Կենսաթոշակային ապահովություն» ծրագրի մասով (այդ թվում՝ «Կուտակային հատկացումներ մասնակցի կենսաթոշակային հաշվին»)՝ 2023 թ. նախատեսվել է 422,304,770.0 հազար դրամ։ 2022 թ․ նկատմամբ աճը կազմել է մոտ 9.9 %։

2023 թվականին ընթացքում նախատեսվում է ներդնել ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգ (միջոցների ստուգման հիբրիդային մեթոդ)։ Որպես անապահովության գնահատման նոր համակարգի հիմք, ընտրվել է ընտանիքի միջոցների հիբրիդային ստուգման մեթոդը, որը ենթադրում է անցում ընտանիքի  տնօրինվող եկամուտների հիման վրա նպաստի իրավունքի որոշմանը։ Սրանով պայմանավորված՝ անհրաժեշտություն կառաջանա վերանայել ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների չափերը և նպաստառուների թիվը (2023 թվականի հոկտեմբերի 1-ից)։

«Անապահով սոցիալական խմբերին աջակցություն» ծրագրի մասով՝ 2023 թ. նախատեսվել է 33,390,023 հազար դրամ․ այսինքն 8.0 %-ով ավելի, քան 2022-թվականին էր։

2023 թվականի հունվարի 1-ից նվազագույն ամսական աշխատավարձը 68,000 դրամից կբարձրանա 75,000 դրամ։

«Սոցիալական պաշտպանության բնագավառում պետական քաղաքականության մշակում, ծրագրերի համակարգում և մոնիթորինգ» ծրագրի մասով՝ 2023թ․ նախատեսվում է  7,997,507.9 հազար դրամ․ աճը  կազմել է մոտ 11.6 %։

Կքննարկվի սոցփաթեթի շահառուների շրջանակի ընդլայնման հարցը, մասնավորապես, նախատեսելով առնվազն շուրջ 600 շահառուի ավելացում։

«Սոցիալական փաթեթների ապահովում» ծրագրի մասով՝ 2023թ. նախատեսվել է 10,619,496.0 հազար դրամ կամ 6.7 %-ով ավելի, քան 2022-ին է։

Կընդունվի զբաղվածության նոր ռազմավարություն, որը կապահովի զբաղվածության նոր ծրագրերի իրականացումը՝ նպատակաուղղված երիտասարդներին, կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց։

«Զբաղվածության ծրագրի» մասով՝  2023 թ. նախատեսվել է 1,601,875.9 հազար դրամ, ինչը 2022-ի համամետ ավելի է մոտ 2.4 %-ով։ 

2023 փետրվարի 1-ից կներդրվի անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգ, որը հնարավորություն կտա հաշմանդամությունը սահմանել հիմք ընդունելով անձի ֆունկցիոնալության սահմանափակումը՝ և ոչ բացառապես առողջական վիճակը։

«Հաշմանդամություն ունեցող անձանց աջակցություն» ծրագրի մասով՝ 2023 թ. նախատեսվել 2,227,456.8 հազար դրամ, ինչը 2022-ի համեմատ պակաս է մոտ 1.4 %-ով։

Օրենսդրական մակարդակում նախատեսվում է բարեփոխել երեխայի պաշտպանության համակարգը՝ շեշտադրելով վաղ կանխարգելիչ ծառայությունները, ընդլայնելով համայնքահեն ծառայությունները։ 

 «Ընտանիքներին, կանանց և երեխաներին աջակցություն» ծրագրի մասով՝ 2022 թ. հատկացվել է 3,317,907.7 հազար դրամ, իսկ 2023 թ. նախատեսվել է 4,761,727.3 հազար դրամ։ 2022 թ․ նկատմամբ աճը  կազմել է 1,443,819.6 հազար դրամ կամ 43.5 %։