Կին սոցիալական աշխատողները՝ ճգնաժամերին դեմ հանդիման․ Սոցիալական աշխատողի օրվա առթիվ՝ շնորհակալագրերով և հուշադրամներով է պարգևատրվել 13 սոցիալական աշխատող

0
88

Կարևորելով Հայաստանում սոցիալական աշխատողների գործունեությունը և գնահատելով վերջիններիս նվիրումը՝ Սոցիալական աշխատողի օրվա առթիվ՝ նոյեմբերի 4–ին Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում կայացել է սոցիալական աշխատողների գնահատանքի երեկո։

Միջոցառմանը մասնակցել են պետական գերատեսչությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային և տեղական կառույցների, սոցիալական պաշտպանության ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, սոցիալական աշխատողներ։ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը, ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողոովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանն իրենց ելույթներով ողջունել են ներկաներին, շնորհավորել մասնագիտական տոնի առթիվ։

Երեկոյի շրջանակում տեղի է ունեցել նաև պետական, տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակական կազմակերպությունների կին-սոցիալական աշխատողների շրջանում պարգևատրման արարողություն։Վերջիններս պարգևատրվել են՝ հիմք ընդունելով մի քանի կարևոր չափանիշներ, ինչպիսիք են, օրինակ՝ ճգնաժամային պայմաններում սոցիալական աշխատողների իրականացրած գործունեությունը, կին-շահառուների իրավունքների պաշտպանության ընթացակարգերում ունեցած ավանդը, բնակչության խոցելի խմբերի ակտիվացման գործում ներգրավվածությունը։ Ըստ այդմ՝ պարգևադրվող սոցիալական աշխատողներից 3–ին տրվել է հուշադրամ՝ ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանի կողմից, ևս 10 սոցիալական աշխատողի նախարարի անունից շնորհակալագրեր է հանձնել Միասնական սոցիալական ծառայության պետ Էդուարդ Պետրոսյանը։

Երեկոյի շրջանակում Հայաստանի պետական ջազ նվագախմբի քառյակի մասնակցությամբ կայացել է նաև ջազ համերգային ծրագիր, սոցիալական աշխատողների կողմից դեպքի վարման հաջողության պատմությունների ցուցադրում։Միջոցառման իրականացմանն աջակցել է «ԵՄ-ն հանուն գենդերային հավասարության. բարեփոխումների օգնության պատուհան» կառավարություններին աջակցության ծրագիրը: