Դեկտեմբերի 26-ին, <<ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ>> բանկն ու <<Հայաստան>> համահայկական հիմնադրամը Visa <<Բարերար>> քարտի թողարկման ծրագրի շրջանակներում ամանօրյա անակնկալ մատուցեցին նախարարության համակարգի Մարի Իզմիրլյանի անվան մանկատան երեխաներին:
Այստեղ բնակվում են ինչպես ծնողական խնամքից զրկված, այնպես էլ տեղաշարժման և այլ առողջական խնդիրներ ունեցող երեխաներ: <<ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ>> բանկը և <<Հայաստան>> համահայկական հիմնադրամը Visa <<Բարերար>>քարտի շրջանակներում մանկատանը նվիրեցին H-1 Hyundai միկրոավտոբուսը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ֆ. Բերիկյանը, նախարարության պաշտոնատար անձինք, ինչպես նաև անակնկալ մատուցողները ժամանել էին մանկատուն, որտեղ էլ հանդիսավոր պայմաններում հանձնվեցին միկրոավտոբուսի բանալիները:
2012թ. նոյեմբերի 22-ից <<ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ>> բանկը, <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի հետ համատեղ սկսել էր թողարկել Հայաստանում առաջին բարեգործական Visa <<Բարերար>> քարտը, որի նպատակն էր աջակցել Հայաստանի մանկատների երեխաներին: Ծրագրի շրջանակներում բանկն իր միջոցներից <<Հայաստան>> համահայկական հիմնադրամին փոխանցել էր Visa <<Բարերար>> քարտով կատարված բոլոր վճարային գործառնությունների գումարի 0.3 տոկոսը և քարտի սպասարկման վարձի կեսը: Քարտապաններն էլ իրենց հերթին, հնարավորություն էին ունեցել հանձնարարել բանկին ամսական պարբերականությամբ իրենց հաշվից գանձել և այս ծրագրին փոխանցել 100 դրամից սկսած գումար:
<<Ինչպես և խոստացել էինք, մեր առաջին քայլը իրեն երկար սպասել չտվեց: Այս նախագիծը ունի ընդամենը մեկ ամսվա պատմություն և մեր բոլորի համատեղ ջանքերի շնորհիվ արվեց առաջին քայլը` մեկ մանկատան համար մեկ հոգս պակասեց: Ուրախ եմ հայտնել, որ Visa <<Բարերար>> քարտի նախաձեռնությանը արդեն միացել են բազմաթիվ անհատներ, որոնց առօրյա վճարումների քարտը դարձել է հենց Visa <<Բարերար>> քարտը: Սա շատ կարևոր և ոգևորող փաստ է, որը մեզ վստահություն է ներշնչում, որ հնարավոր կլինի լիովին իրականացնել այն նախաձեռնությունները, որոնք կոչված են աջակցել մանկատան երեխաներին>>,- նշեց ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանը:
<<Պետության կողմից մանկատների ֆինանսավորմանը զուգահեռ տարիներ շարունակ տարբեր ծրագրեր են իրականացվել ինչպես <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի, այնպես էլ անհատ բարերարների կողմից: Այս նախագիծը առանձնահատուկ է, քանի որ մանկատների երեխաների կողքին է կանգնում ոչ միայն Հայաստանի առաջատար բանկերից մեկը, այլ նաև այն հնարավորություն է տալիս յուրաքանչյուրին իր փոքր լուման ունենալ այս մեծ գործում>>,- իր խոսքում ընդգծեց <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ֆիլարետ Բերիկյանն էլ իր շնորհակալությունը հայտնեց համատեղ նախաձեռնության և օգտակար անակնկալի համար,- <<Հայաստանում սրված է հատուկ կարիքներով երեխաների խնդիրը, ցավոք, այդ երեխաների տեսակարար կշիռը աճում է: Այսօր մանկատներում բնակվող 780 երեխայից 520-ը ունի հատուկ կարիքներ: Կարծում եմ իրավիճակի հիմնական պատճառը համապատասխան բուժհաստատությունների պակասն է: Ձեր միջոցառումը մարդասիրական քայլ է, նմանատիպ նախաձեռնություններով մարդկանց մոտ հնարավոր է արթնացնել բարեգործություն: Ձեր նվերի կարիքը իրոք ուներ մանկատունը: Համոզված եմ այն կօգտագործվի նպատակային և երեխաներին տեղափոխելու խնդիրը մասամբ կլուծվի>>:
Անակնկալ նվերը մեծ ուրախություն պարգևեց ոչ միայն երեխաներին, այլև մանկատան աշխատակիցներին: