0
118

2012թ. դեկտեմբերի 16-ին, Երևանի Մերգելյան ինստիտուտում  (ԵրՄՄԳՀԻ) կազմակերպվել էր աշխատանքի տոնավաճառ սիրիահայերի համար: Աշխատանքի տոնավաճառը իրականացվեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության <<Զբաղվածության պետական ծառայություն>> գործակալության նախաձեռնությամբ` ՀՀ սփյուռքի նախարարության համագործակցությամբ:

Բացման խոսքով հանդես եկան ՀՀ  աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սոնա Հարությունյանը, ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ պարոն Ջիլավյանը և <<Զբաղվածության պետական ծառայություն>> գործակալության պետի տեղակալ Գարիկ Սահակյանը: Տոնավաճառին ներկա էին ՓՄՁ ԶԱԿ աշխատակիցներ, Միգրացիոն պետական ծառայության, Ոստիկանության անձնագրային և վիզաների բաժնի ներկայացուցիչներ և ԶՊԾԳ աշխատակիցներ:

Աշխատանքի տոնավաճառին մասնակցում էին Երևանի և հարակից մարզերի շուրջ 50 գործատու` առաջարկելով 216 առկա և 64 սպասվելիք թափուր աշխատատեղեր: Թափուր աշխատատեղերի ցանկում առաջարկված էին տարբեր մասնագիտություններով աշխատատեղեր, այդ թվում` ՀԾ դասավանդողներ, վեբդիզայներներ, վեբծրագրավորողներ, ինժեներ-մեխանիկներ, գործավարներ, էլեկտրիկներ, շարժիչագործներ, ռեժիսորներ, բուժքույրեր, ոսկերիչներ և այլն:

Միջոցառումը մեկն է այն ծրագրերից, որոնք նախատեսված են օգնելու սիրիահայ մեր հայրենակիցներին` աշխատանք գտնելու հարցում:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանով` աշխատանք գտնելու հարցում դժվարություններ ունեցող սիրիահայերը` անկախ քաղաքացիությունից, կարող են ընդգրկվել զբաղվածության կարգավորման բոլոր ակտիվ ծրագրերում, այդ թվում մասնագիտական ուսուցման, արտադրական պրակտիկայի (երիտասարդների համար), աշխատավարձի փոխհատուցման, այլ վայր աշխատանքի գործուղման, բիզնեսի աջակցության ծրագրերում:

Այս պահի դրությամբ <<Զբաղվածության պետական ծառայություն>> գործակալությունը խորհրդատվություն է տրամադրել 272 սիրիահայ աշխատանք փնտրողի, նրանցից 47-ը հաշվառվել է զբաղվածության տարածքային կենտրոններում, 53 անձ տեղավորվել է աշխատանքի, 13-ը ցանկություն է հայտնել ընդգրկվել մասնագիտական ուսուցման ծրագրերում:

Տոնավաճառի դեռ սկզբից նկատվում էր սիրիահայերի ակտիվ մասնակցություն: Նախնական գնահատմամբ աշխատանքի տոնավաճառին մասնակցել են շուրջ յոթ հարյուր սիրիահայ` ստանալով իրենց մասնագիտությանը և նախասիրություններին հարմար աշխատանքի առաջարկներ: Նրանց մեծ մասը իրենց անձնական թերթիկները անմիջապես փոխանցեցին գործատուներին:

SHARE
Previous article
Next article